Թեհրանը ԱՄՆ պատժամիջոցները համարել է Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառներից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների քաղաքականությունը Իրանում նոր կորոնավիրուսի ակտիվ տարածման պատճառներից մեկն է: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս կարծիքն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հասամեդին Աշենը:

«Եվրոպայի մասնակցությամբ Դոնալդ Թրամփի տնտեսական պատժամիջոցները Իրանի առողջապահական համակարգին զրկել են կորոնավիրուսին ժամանակին արձագանքելու հնարավորությունից: Թրամփի քաղաքականությունը մասամբ պատասխանատու է վիրուսի տարածման և այս ընթացքում տեղի ունեցած մահերի համար»,- այս մասին «Թվիթերի» էջում գրել է Աշենը:

Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է նոր կորոնավիրուսի վարակվելու առաջին դեպքերի մասին: Վերջին տվյալներով, երկրում գրանցվել է վարակի 1500 դեպք, մահացել է 60 մարդ:

Փետրվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն նշել է, որ Վաշինգտոնը Իրանի իշխանություններին օգնություն է առաջարկել վարակի տարածման դեմ պայքարում: Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավին այս առաջարկը ծիծաղելի է անվանել։

2018-ի նոյեմբերի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցներին նոր թափ հաղորդեց։ Պատժամիջոցները տարածվեցին իրանական նավթի արտահանման, ինչպես նաև 700-ից ավելի բանկերի, ընկերությունների և անհատների վրա: Պատժամիջոցները նշանակում են ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների համար պատժամիջոցների ցանկում ներգրավված անձանց հետ ցանկացած գործարքի արգելք։