Լույս է տեսել Գևորգ Վարդանյանի մասին հայ հեղինակի գիրքը

Ընդհատակյա հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրքը, որը կանխել է 1943-ի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ աբվերի դիվերսանտների կողմից նախապատրաստվող մահափորձը, օրերս ներկայացվել է ՏԱՍՍ-ի մամուլի ասուլիսում։ Նրանով բացվում է ռուսական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված գրքերի շարքը։

Դոնի Ռոստովը և գրքի գաղափարը

Դոնի Ռոստովում բնակվող, «Агент, переигравший абвер» («Գործակալը, որը գերազանցեց աբվերին») գրքի հեղինակ  Խաչիկ Խութլուբյանը պատմել է, որ գրել նրան առաջարկել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Նա զանգահարել և առաջարկել է վեպ գրել հերոս հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին: Սերգեյ Իվանովի պապը Ռոստով է տեղափոխվել Իրանից: Գևորգ Անդրեևիչը ևս ծնվել է Ռոստովում և կյանքի վերջին տարիներին հաճախ էր գալիս Ռոստով,- պատմել է հեղինակը: – Ես նրան ճանաչում էի դեռ թերթում աշխատելու տարիներին։ Ինձ միշտ զարմացնում էր նրա քաղաքավարությունը, շփվելու պարզությունը, խելքը, ինտելեկտը, և ես հաճույքով համաձայնեցի»:

Սերգեյ Իվանովը պատմել է. «Ես զանգեցի նրան և ասացի. «Խաչիկ, ամոթ քեզ։ Դու հա՞յ ես, Ռոստովի՞ց, գրո՞ղ։ Չե՞ս ամաչում, որ գիրք չես գրում քո հայտնի հայրենակցի մասին»: Նա մի րոպե տատանվել է և հարցրել. «Որտե՞ղ կարող եմ գտնել նյութերը»: Ես պատասխանել եմ. «Դու կգտնես»: Եվ մեկ տարի անց նա բերել է ձեռագիրը: Յասենևում (որտեղ տեղակայված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գլխամասային գրասենյակը) ոգևորությամբ կարդացել և դիմել են հրատարակչություն»,- հավելել է Իվանովը:

Անրին և Անիտան

Հետախուզության լեգենդար զույգ Գևորգ և Գոհար Վարդանյանների կյանքից մի շարք նոր փաստեր, որոնք դարձել էին «Թեհրան-43» ֆիլմի հերոսների նախատիպերը, բարձրաձայնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության վետերան Յուրի Շևչենկոն: ՏԱՍՍ-ում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նա առաջին անգամ հայտնվել է լրագրողների առջև այն բանից հետո, երբ հունվարին նրա անունը գաղտնազերծվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի նախաձեռնությամբ, մի շարք այլ ընդհատակյա հետախույզների հետ:

Հարցին, թե ինչ է զգում առաջին անգամ հանրության առջև հանդես գալով, նա թեթև ժպիտով պատասխանել է. «Սա, ընդհանուր առմամբ, տխուր է: Երբ հետախույզը հայտնի է դառնում, նա մահանում է, այլևս գոյություն չունի: Միշտ թվում է, որ ամբողջ կյանքը դեռ առջևում է»,- նշել է 80-ամյա վետերանը:

«Եվ սա ամենավատը չէ, դուք կարող եք դիմանալ, մի անգամ ամեն ինչ ավարտվում է: Բայց ամենակարևորը` այս կյանքը կապված էր այն հիանալի մարդկանց հետ, որոնց հետ պետք է աշխատեինք: Թվում է, թե դուք կարող եք հանգստանալ թոշակի անցնելիս և գնալ ձկնորսության: Բայց ես չեմ կարող ապրել առանց այս ծառայության, որովհետև նրանք հիանալի մարդիկ են, որոնց հետ ես աշխատել եմ, և նրանցից մեկը Գևորգ Անդրեևիչն էր»,- ասել է Շևչենկոն:

Նրա խոսքով, երբ Վարդանյան ամուսինները ներկայացվել են պետական ​​մրցանակների, ոմանք հարցրել են. «Ինչո՞ւ են նրանց հերոսի կոչում տվել։ Ինչ կա որ, տղաներն ու աղջիկները վազվզել են Թեհրանում և գերմանացի լրտեսներ բռնել (Թեհրանի գործողության ժամանակ Գևորգ Վարդանյանը մոտավորապես 19, իսկ նրա ապագա կինը 17 տարեկան էր)»:

Շևչենկոն Վարդանյանի հետ առնչվել է ավելի ուշ: «Պետք էր կատարել միջոցառում, որը ո՛չ աստված, ո՛չ թագավորը չէին կարողանա անել, այլ միայն ապագա հերոսը՝ Գևորգ Անդրեևիչը: Եվ նա արեց այն, ինչն անհնար էր: Դա անհրաժեշտ էր Հայրենիքի համար, և նա արեց: Բայց դրա մասին չի խոսվի ևս 50 տարի,- նշել է Շևչենկոն: – Երբ ավելի ուշ մենք անձամբ հանդիպել ենք, վիրահատությունից մի քանի տարի անց, ես նրան ասել եմ. «Միայն այն բանի համար, ինչ դուք արել եք այն ժամանակ Արևմուտքում, միայն այս գործողության համար Դուք պետք է ստանաք Խորհրդային Միության հերոսի կոչում»։ Բայց նա սիրալիր անձնավորություն էր և ասաց. «Ինչ հերոս, սա մեր ընդհանուր աշխատանքն է»: «Եվ դա մեծամտանալ չէր,  այլ անկեղծ վերաբերմունք  իր գործի նկատմամբ»:

«Որովհետև այն, ինչ կապում է ընդհատակյա հետախույզներին, մինչև վերջ հայրենիքին ծառայելն  է»,- շեշտել է նա: Ըստ նրա՝ չնայած օրենքով ընդհատակյա հետախույզները երբեք միմյանց անձամբ չեն ճանաչում, բայց «Վարդանյանի հետ նա աշխատել է նույն բաժանմունքում և նույնիսկ նույն ղեկավարի հետ միևնույն ուղղությամբ»: «Եվ երբ ես գնացել էի ղեկավարի մոտ, սեղանին դրված էին «Անրի» և «Անիտա» (Գևորգ և Գոհար Վարդանյանների գործառնական կեղծանունները) գործի երկու հատոր։ Բայց ի՞նչ կար դրանց մեջ, անհայտ է, – ասել է Շևչենկոն: – Ես գիրքը կարդացել եմ, բառացիորեն մեկ օրում ընթերցեցի: Գիրքը հրաշալի էր, քանի որ այնտեղ խոսվում է ճշմարտության մասին: Այն հիմնված է պատմական փաստերի վրա, բոլորը իրական անձինք են: Չնայած չկա գեղարվեստական ստեղծագործություն՝ առանց երևակայության»։

Ուսադիրներ ԽՍՀՄ պետական անվտանգության հանձնաժողովի նախագահի կողմից

Յուրի Շևչենկոն շեշտել է, որ զույգի աշխատանքի զգալի մասը Թեհրանին հաջորդող տարիներին է եղել: «Հաղթանակից հետո զույգը վերադարձել է հայրենիք՝ Երևան, ստացել բարձրագույն կրթություն: Կյանքը գեղեցիկ էր, նրանք վերջապես տանն էին: Բայց հայրենիքը նորից կանչել է նրանց, և նրանք գնացել են պատերազմ՝ սառը պատերազմ: Պատանեկան տարիներից հետո նրանք գիտակցաբար ընտրել էին Հայրենիքը պաշտպանելու ուղին: Եվ դրանից բացի չկար ավելի սրբազան բան», – պատմել էր նա:

Վետերանը վերհիշել է մի դրվագ, որը բացատրում էր գրքի վերնագիրը՝ «Գործակալը, որը գերազանցել է աբվերին»: «Արևմուտքում Վարդանյան ամուսինները ունեցել են առանձնահատուկ գործեր, որոնց մասին ընդհատակյա հետախուզության վարչության պետ Յուրի Դրոզդովն անձամբ է զեկուցել Յուրի Անդրոպովին: Եվ նա հարցրել է. «Իսկ ի՞նչ կոչում ունեն նրանք»: Իսկ նրանք հավաստագրված չէին, նրանք կոչում չունեին: Վարդանյանը գործակալ էր: Անդրոպովը հարցրել է. «Ինչպե՞ս թե, սպայի կոչում տվե՛ք»: Դրանից հետո նրան շնորհել են կապիտանի առաջին կոչումը և այն բոլոր ռազմական պարգևները, որոնց նա արժանի էր. «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլն: Իսկ մի քանի տարի անց նա դարձել է գնդապետ, ապա ԽՍՀՄ հերոս: Բայց սա նրա մեծ սխրագործության գնահատականն է՝ նրա և Գոհար Լևոնովնայի»,- շեշտել է Շևչենկոն։

Որտե՞ղ է ավարտվում հետախուզությունը

Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ գրքի հեղինակ Խաչիկ Խութլուբյանը խոստովանել է, որ փորձել է «Թեհրան-43» ֆիլմի տպավորություններից հեռանալ դեպի Գևորգ Վարդանյանի իրական կերպարը: «Գևորգ Անդրեևիչը սիրում էր ասել, որ այնտեղ, որտեղ սկսվում են կրակոցները, ավարտվում է հետախուզությունը: «Թեհրան-43» հիանալի ֆիլմում հետախույզը, որը մարմնավորում էր Գևորգ Անդրեևիչին, ամբողջ ժամանակ կրակում էր: Գևորգ Անդրեևիչը նրբանկատությամբ նշում էր, որ ֆիլմը իսկապես լավն է, բայց մի փոքր ճշմարտության հետ չի համընկնում, քանի որ եթե մարդը սկսում կրակել, ուրեմն բացահայտված է: Գևորգ Անդրեևիչն այն սակավ հետախույզներից է, որ մի քանի տասնամյակ հետախուզական ակտիվ գործողություններից հետո վերադարձել է չբացահայտված»,- նշել է հեղինակը:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը