Կորոնավիրուսից մահացության պաշտոնական մակարդակը 3,57 տոկոս է

Չինաստանում նոր կորոնավիրուսի (COVID-2019) զոհերը 2835-ն են: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին, այս մասին հայտարարել է Չինաստանի հիգիենայի և առողջության պետական կոմիտեն։

Վերջին տվյալներով, վարակվել է ավելի քան 79,2 հազար մարդ, մոտ 39 հազար մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Մահացության պաշտոնական մակարդակը 3,57 % է, նոր դեպքերի թիվը`427, անցած օրը մահացել է 47 մարդ:

Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, հաղորդվել էր, որ անցած օրվա ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) կողմից Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսով վարակված լինելու ավելի քան 1000 նոր դեպք։

Փետրվարի 27-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի գլոբալ ռիսկը գնահատել է «շատ բարձր»:

Հիշեցնենք, որ չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման դեպք հայտնի է դարձել 2019-ի դեկտեմբերի վերջին: Հետագայում հիվանդությունը տարածվել է այլ երկրներում:

Ավելի վաղ, ԱՀԿ խոսնակ Տարիկ Յազարևիչը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված հիվանդը կարողանում է լիովին ապաքինվել հիվանդության հայտնաբերումից 20 օր անց: