Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Հարգելի պարոն Թորոսյան, մենք՝ բժիշկներս, հասարակական գործիչներս և Հայաստանի մարզերի հետաքրքրված բնակիչներս մեծ մտահոգությամբ ընդունեցինք ՀՀ կառավարության որոշումն այն մասին, որ դադարեցվում է մարզային մի շարք ծննդատների ֆինանսավորումը, ինչը կարող է բերել դրանց լուծարման:

Իշխանությունները հղում են կատարում պարտադիր՝ տարեկան 150 ծնունդ ցուցանիշին, որը պետք է ապահովի ծննդատունը և պնդում, որ այդ ցուցանիշի առկայությունը կապահովի բժշկական օգնության որակն ու համապատասխան բժշկական հաստատությունների գործունեության տնտեսական արդյունավետությունը:

Արդեն իսկ փակվել է Մարալիկի ծննդատունը, փակման սպառնալիքի առջև են մի շարք այլ բժշկական հաստատություններ։

Մեզ համար անհասկանալի է այս որոշումը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական այն բարդ պայմանները, որում ապրում են հատկապես մարզերի բնակիչները: Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն փնտրել հավելյալ միջոցներ, որպեսզի կարողանան դիմել մոտակա բժշկական կենտրոններ կամ էլ ընդհանրապես կմնան առանց անհրաժեշտ բուժօգնության:

Մեր կարծիքով, եթե պետությունը ցանկանում է բարելավել դեմոգրաֆիական ցուցանիշները, պայքարել մանկական մահացության դեմ, ապա ծննդատները մարզերում ոչ թե պետք է փակվեն, այլ, հակառակը՝ հնարավորինս արդիականացվեն: Եվ դա ենթադրում է ոչ միայն լիարժեք նյութական, այլև կադրային ապահովում: Թեև այսօր մարզային ծննդատների մեծամասնությունը գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում, բայց սա ամենևին էլ պատճառ չէ, որ դրանք փակվեն:

Հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կլսի մեր ձայնը և կանի ամենը հայկական ընտանիքների առողջության ու բարեկեցության ապահովման համար: Կոչ ենք անում Կառավարությանը հավատարիմ մնալ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու մասին սեփական լոզունգներին:

  1. Արամ Սարգսյան, մանկաբարձ-գինեկոլոգ
  2. Ալբերտ Գրիգորյան, բժիշկ-վիրաբույժ
  3. Սոնա Աղեկյան, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար
  4. Սարգիս Տեր-Եսայան, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ
  5. Լուիզա Գումրոյան, լրագրող
  6. Արաքսյա Ստեփանյան, իրավաբան
  7. Սամվել Պետրոսյան, տնտեսագետ
  8. Աննա Աբգարյան, իրավաբան
  9. Էդվարդ Վարդանյան, էներգետիկ ոլորտի մասնագետ (Արարատի մարզի բնակիչ)
  10. Անդրանիկ Սիմոնյան, ուսուցիչ (Արարատի մարզի բնակիչ)
  11. Ալբերտ Գալստյան, անհատ ձեռներեց (Արմավիրի մարզի բնակիչ)
  12. Սարգիս Ենգիբարյան, շինարար (Արմավիրի մարզի բնակիչ)
  13. Աննա Գիզոյան, դեղագործ (Կոտայքի մարզի բնակիչ)
  14. Վահե Առաքելյան, վարորդ (Կոտայքի մարզի բնակիչ)
  15. Արթուր Իսոյան, տնտեսագետ (Տավուշի մարզի բնակիչ)
  16. Դիանա Վաղարշյան, մանկապարտեզի վարիչ (Տավուշի մարզի բնակիչ)
  17. Սամվել Մխիթարյան, շինարար (Շիրակի մարզի բնակիչ)
  18. Արտակ Սարգսյան, հողագործ (Շիրակի մարզի բնակիչ)