Ինչո՞ւ տնտեսական աճը հիմա էլ չի ազդի մարդկանց բարեկեցության, կյանքի որակի վրա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Մարինե Առաքելանն անդրադարձավ 2019 թ․ տնտեսական 7,6 ցուցանիշին՝ նշելով, որ տնտեսության զարգացումը նախորդ տարի իներցիոն բնույթ է կրել։

«Պետք է հասկանալ՝ ճի՞շտ է ՀՆԱ-ի առանձին բաղադրիչների աճի դրական միտումը պայմանավորել կառավարության աշխատանքի արդյունքով կամ համարել հաջողության ցուցիչ այն դեպքում, երբ ՀՆԱ-ի հիմնական բաղադրիչները կառուցվածքային տեսանկյունից խորքային փոփոխությունների չեն ենթարկվել։ Իներցիոն բնույթի տնտեսական աճը չի կարող հարատև լինել։ Դրա վառ ապացույցն է այն, որ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է այս տարվա համար ապահովել ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ»,- ասաց հաղորդման հյուրը։

Ըստ նրա՝ մարդկանց կյանքի որակի և բարեկեցության վրա ազդելու համար տնտեսական աճը պետք է ներառական լինի։ Մինչդեռ 2019 թ․ տնտեսական աճը ներառական չի կարող համարվել և մինչհեղափոխական՝ 2017 թվականի տնտեսական աճից ավելի է ընդամենը 0,1 տոկոսային կետով։ Իսկ եթե մենք երկարաժամկետ կտրվածքում ենք ցանկանում բարեփոխումներ և խորքային կառուցվածքային վերափոխումներ իրականացնել, ապա պետք է առաջնային լինի ներառական տնտեսական աճի ապահովումը։

Դիտարկմանը, որ կառավարությունը պարծենում է, թե նախորդ տարի մշակվող արդյունաբերությունը 12 տոկոս աճ է ապահովել, Մարինե Առաքելյանն ասաց, որ արդյունաբերության մեջ, ըստ աճի տեմպերի, հանքարդյունաբերությունն առավել առաջանցիկ տեմպերով է աճ արձանագրել՝ շուրջ 23 տոկոս, մինչդեռ մշակվող արդյունաբերությունը 7,6 տոկոս է ապահովել։

Փորձագետը խնդրահարույց համարեց գյուղատնտեսության ոլորտում երկու տարի շարունակ արձանագրվող անկումը՝ ասելով, որ դա կարող է պարենային անվտանգության խնդիր առաջացնել երկրում։

Մանրամասները՝ տեսանյութում