Թուրքիայում արգելափակվել է սոցցանցերի հասանելիությունը

Թուրքիայում ժամանակավորապես կասեցվել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «Իդլիբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով» արգելափակվել է «Facebook», «Twitter», «Instagram» և «Youtube» հարթակների հասանելիությունը։

Սահմանափակվել է նաև «Whatsapp» հավելվածի աշխատանքը, ինչպես նաև՝ համացանցի թուրք օգտատերերի շրջանում մասսայականություն վայելող թուրքական «Ekşi Sözlük» կայքը։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, արգելափակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Իդլիբում կրկին զոհեր ունի։ Մասնավորապես Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի միավորումները Իդլիբում ենթարկվել են Սիրիայի կառավարության օդուժի հարձակմանը, ինչի հետևանքով 33 թուրք զինվոր է զոհվել։

Ողջ աշխարհում ինտերնետի հասանելիության սահմանափակումներին հետևող «Netblocks.org»-ի հրապարակած տվյալների համաձայն՝ առաջինն արգելափակվել է «Twitter»-ը։ Հարթակն անհասանելի է փետրվարի 27-ից՝ սկսած ժամը 23։30-ից։ Ավելի ուշ հասանելիության խնդիրներ են ծագել նաև մյուս սոցիալական հարթակների օգտատերերի մոտ։