«SOS Մեծ Այրում». Նահատակի պոչամբարի պատնեշի բարձրացումն անօրինական է

«S.O.S. Մեծ Այրում» շարժման անդամները հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում նկատել էին, որ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենաները հող ենք տեղափոխում դեպի «Նահատակ» պոչամբար՝ պատնեշի բարձրացման նպատակով, որպեսզի ավելացվի պոչամբարի տարողունակությունը:

«ԷկոԼուրի» տեղեկացմամբ, «S.O.S. Մեծ Այրում» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է․ ««S.O.S. Մեծ Այրում» շարժման անդամներն արգելափակել էին ճանապարհը և չէին թույլատրում ընկերության մեքենաներին հողը տեղափոխել պոչամբար։ Որոշ ժամանակ անց, բանակցությունների արդյունքում, ճանապարհը բացվել է։

«S.O.S. Մեծ Այրում»  շարժման անդամները պահանջում են`

– դադարեցնել պոչամբարի պատնեշի շարունակական բարձրացումը,

– հայտնել Մեծ Այրում գյուղի բնակիչներին պոչամբարի ռեկուլտիվացիայի հստակ ժամկետները։

Շարժման անդամները նշում են, որ պոչամբարի պատվարի բարձրացման դեպքում կրկին ստիպված կլինեն խոչընդոտել այդ գործընթացին։

«Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» Գրանցման համարը` ԲՓ 100 14.11.2017թ., փաստաթղթում մերժված է Նահատակի պոչամբարի պատնեշի բարձրացումը:

Որպես այս տարբերակի հակափաստարկ՝ ընտրվել է այն հանգամանքը, որ Նահատակի պոչամբարի տարողունակությունը ներկայումս սպառված է և որ այս տարբերակի իրականացման համար կպահանջվի Ճոճկան-Այրում ավտոճանապարհի տեղափոխում և գոյություն ունեցող ջրամբարի պատվարի ներքևի շեպի և պատնեշի միջև կուտակվող ջրերի հեռացում, ինչպես նաև պատնեշի կայունության գնահատում:

Ըստ այդմ, պատնեշի բարձրացման ցանկացած աշխատանք անօրինական է»,- նշված է հայտարարության մեջ։