ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաև «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար և չպետք է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում:

Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար և ապահովել է զոհվածների ու վիրավորների տարհանումը Թուրքիայի տարածք: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»,- նշված է ռազմական գերատեսչության  հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետևանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել: Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն: