«Վերելք»․ Ի՞նչ են գրում քաղաքացիները Փաշինյանին (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը զննելով Փաշինյանի ֆեյսբուքյան էջին քաղաքացիների գրած մեկնաբանությունները, ներկայացնում է, թե երկու տարի առաջ մեծ հույսերով հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիներն այսօր ինչ վերաբերմունք ունեն ներկա իշխանությունների, կառավարման համակարգի մասին։
Պեպանյանը հիմնավորում է, որ այդ համակարգի թերացումները Փաշինյանի անձով չեն պայմանավորված, դրանք հետևանք են ժողովրդի մենթալիտետի, որն իր գերակշիռ մասով հակապետական է։
«Իսկ իշխանությունները գիտակցո՞ւմ են  իրենց ու երկրի ճակատագրի համար վճռորոշ այդ գործոնի կարևորությունը»,- հարցնում է «Վերելք» հաղորդաշարի հեղինակը։
Պատասխանին կարող եք տեղեկանալ՝ դիտելով տեսանյութը։

Մի քանի դրվագներ Փաշինյանին ուղղված քաղաքացիների նամակներից՝

— Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչո՞ւ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս:

— Պետական հաստատությունների շատ աշխատողները բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը:

— Ես ինքս պետական աշխատող եմ, բայց միևնույն է պիտի պետական համակարգից մաքրվեն բեզդելնիկները:Մարդկանց խումբ կա, որ քաղաքացուն ընդունելիս առաջին հերթին հակված են մի ձև ցրելուն:

— Իրականում նույնն է մնացել համարյա ամեն ինչ… առաջին մեղավորը երկրի վարչապետն է, երկրորդ մեղավորը՝ մենք բոլորս, որ թույլ տվեցինք մեզ խաբել ու մեր խանդավառությունը,երկիրը վերակառուցելու պատրաստակամությունը ջուրը լցվեց հեղափոխության առաջնորդի ձեռքով…եթե Ձեզ շրջապատեիք ազնվագույն հայերով մենք այսօր կունենայինք նախկինների աղբից մաքրվող,զարգացող ու ինքնիշխան Հայաստան:

— Հավաքվենք, դատարանների մասին նամակներ գրենք Փաշինյանին, միգուցե մի բան փոխի:

— Պարոն Փաշինյան, ձեր նախարարները չեն տիրապետում իրենց գործին և ձեզ սուտ տվյալներ են զեկուցում։ Ձեզ և ձեր ընտրողներին խաբում են։

— Որ ասում ենք՝ ձերոնք մենակ ակտիվ պարգևավճարներ են ստանում, չեն աշխատում, խնդիրները երկար ժամանակ չլուծելուց ակամա նորերն են ստեղծում, մարդիկ առանց հասկանալու վրա են տալիս, թե բա՝ լավ են անում, թուրք ես, պիցցայակեր ես և այլն։
Հիմա թուրքը մե՞նք ենք, որ սխալներն ենք մատնանշում, թե՞ նրանք, ովքեր ամեն ինչին աչքերը փակ ծափ են տալիս, խոսողի բերանն էլ ամենավերջին խոսքերով ուզում են փակեն։
Հա պարոն Փաշինյան, էս երկրում գրեթե բան չի փոխվել, ու ինչքան էլ ցավալի ա, հեղափոխությունը իրոք շատ ա շեղվել իր արժեքներից։
Ամեն դեպքում հուսանք, որ հիմա գոնե կհասկանաք հարցի լրջությունը

— Ամբողջ պետական ապարատը թարմացվելու կարիք ունի: Շատ բնագավառներում վախենալով, բայց էլի շարունակում են իրենց թալանը և բյուրոկրատիան:

 Առողջապահության, քաղաքաշինության, հարկային ծառայության ոլորտներում նույն վիճակն է՝ հները չեն ուզում օգնել, նորերը ապաշնորհ են, քանի որ մասնագետների ընտրություն գրեթե չի կատարվում։ Փորձեք օրինակ տեսնել, թե Ս. Պապիկյանի նախարարությունում ովքեր են։ Աշխատանքի տեսչության կադրերին ու իրենց տեսչական գործողություններին հետևեք՝ նույն բարդակը։

— Նույնը կատարվում է թաղապետարաններում, այս միջին օղակները մնացել են նույն անգործ և իրենց վերաբերվող աշխատանքները չկատարողները, հատկապես Քանաքեռ Զեյթուն թաղապետարանում։

 Կարևորը միլիոնավոր դրամների պարգևավճարները չմոռանաք ամեն ամիս տալ։