Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Fars գործակալությանը:

«Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 245-ի, միևնույն ժամանակ մահացածների թիվն արդեն 26 է»,- տեղեկացրել է իրանական գործակալությունը:

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 26-ին, Իրանը տեղեկացրել էր վարակման 139 և մահվան 19 դեպքի մասին:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: