Բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել․ Արսեն Թորոսյան

Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:

Նա նշեց, որ մինչև Իրանի հետ սահմանը փակելու Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելը ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի քաղաքացիների համար, որոնք, սակայն, հսկվել են ավելի ուժեղացված ռեժիմով։

«Դրանից հետո արդեն բաց է միայն ՀՀ քաղաքացիների համար, և եթե փողոցներում էլ շրջենք, կտեսնենք իրանցի բազմաթիվ զբոսաշրջիկների կամ այլ պատվիրակության ներկայացուցիչների, որոնք ավելի վաղ են Հայաստան ժամանել»,- ասաց նա։

Նախարարը նաև նշեց, թե ԶԼՄ-ներով, տուրիստական գործակալությունների գործընկերների և պետական կազմակերպությունների միջոցով հորդորում են, որ եթե որևէ մեկի մոտ լինեն հիվանդության նշաններ, անպայման դիմեն բժշկական հաստատություններ, որպեսզի հաստատվի կամ հերքվի վիրուսի առկայությունը:

«Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»,- նշեց նախարարը:

Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանեց, թե եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, թե՛ կոչերով, թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա:

«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որ հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես օրինակ, գրիպի վիրուսը: Միշտ էլ խորհուրդ ենք տվել, որ եթե որևէ հիվանդի՝ վիրուսի առկայության վտանգ կա, ցանկալի է, որ փակ տարածքում այլ մարդկանց հետ չգտնվի, տարածքները պարբերաբար օդափոխեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի»,-ասաց նա:

Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ նախարարն ասաց, թե դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից. «Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությամբ անձի հետ աշխատելիս: 150 000-ից ավելի պահեստավորված դիմակ ունենք, էլի գնելու ենք»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա. «10 տոկոսից ավելի շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների դեպքում արդեն զգուշացնող միջոցառումներ կարող են արվել»,- նշեց նա:

Անդրադառնալով լուրերին, թե այսօր «Արմենիա» ԲԿ-ից մի քաղաքացու կորոնավիրուսի կասկածով տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կենտրոն, Թորոսյանն ասաց, թե հիվանդը կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել: