Էդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց անհանգստացնում է գործարարությամբ զբաղվելու ցուցիչը։

«Գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ չխանգարել ու որտեղ հնարավոր է՝ օգնել։

«Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ էդ նույն կաբինետներում նստած, իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի և այլնի։ Այդ մարդիկ շատ չարացած են էսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են էդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ էդ մարդկանց պետք է գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու,- ասաց նա, այնուհետև հավելեց․«Մենք ասել ենք՝ չենք եկել գերանդին առնենք ու հնձենք, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անենք, ես ասում եմ՝ հերիք ա, էդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է»։