Խոջալու 28․ Ի՞նչ է եղել իրականում (տեսանյութ)

1991-ի գարնանը ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հարձակումներին և «Ալազան», «Կրիստալ» ու ՄՄ-21 «Գոսդ» համազարկային ռեակտիվ կայանքներից հրթիռակոծության։ Այդ ընթացքում պատանդվել է 700 հայ խաղաղ բնակիչ, ոչնչացվել հարյուրավոր հեկտար հացահատիկային ցանքսեր, բնակավայրերի մեծ մասը զրկվել էր էլեկտրամատակարարումից և ջրամատակարարումից։ Շարունակվող պաշարման, գնդակոծության, մեծ թվով փախստականների առկայության, վառելանյութի բացակայության, արդյունաբերական, այդ թվում՝ սննդի վերամշակող ձեռնարկությունների հարկադրական պարապուրդի, միջշրջանային ճանապարհների շրջափակման և այլ պատճառներով ԼՂՀ-ում և հատկապես Ատեփանակերտում վիճակը գնալով ծանրացել է, մթերքն ու վառելանյութը սպառվել։ Հունվար-փետրվարին հացի ամսական չափաբաժինը չէր գերազանցում 400 գրամը, և ամսվա վերջին սկսվու է սովը, իսկ որոշ բնակավայրերում բռնկվում են վարակիչ հիվանդություններ։ Բնակչությանը սովից փրկելը, բժշկական օգնություն ցույց տալը, միակ օդանավակայանն ապաշրջափակելը և Խոջալուի կրակակետերի վնասազերծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն։

Խոջալուի ազատագրումն իրականացվել է 1992-ի փետրվարի 25-26-ին՝ ԼՂՀ-ի օդանավակայանը, որը գտնվում էր Խոջալու գյուղի մոտ՝ Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա, ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով։

Մինչ այդ, Ադրբեջանի ժողովրդական ճակատի ջանքերով Խոջալու էին տեղափոխվել ռուս և ՄՀՆՋ զինված ստորաբաժանումների մարտիկներ, կազմակերպել այնտեղ Ուզբեկստանից բռնագաղթած թուրք մեսխեթցիների վերաբնակեցում, և բնակչությունը 1989-ի 2135 մարդուց 1991-ին հասցվել էր 6000-ի։ Հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով՝ Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմական գործողությունն սկսվել է 1992-ի փետրվարի 25-ի ժամը 23 անց 30 րոպեին և ավարտվել փետրվարի 26-ի ժամը 3-ին։ Խոջալուն գրոհող ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները միջանցք էին թողել ռազմական գործողությունների գոտուց գյուղի խաղաղ բնակչության անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացված էր, սակայն ոչինչ չէր ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։

Խոջալուի ռազմական գործողությունից հետո ԼՂՀ ԻՊՈՒ-ն պատանդությունից ազատել է 13 հայ, այդ թվում՝ 1 երեխա և 6 կին, ռազմավար վերցրել 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ, 4 «Ալազան» կայանք, մեկ 100 միլիմետրանոց հրանոթ և 3 միավոր զրահատեխնիկա։

ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալուում և շրջակայքում հայտնաբերել է ադրբեջանցի 11 խաղաղ բնակիչների դիակներ։ Խոջալուի հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել էին գյուղից 10-11 կմ հեռու՝ Աղդամի մատույցներում, որտեղ տեղակայված էր ԱՀ ԶՈՒ տարածքային հենակետային ստորաբաժանումը։

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, սակայն անգամ ԱՀ նախագահ Ա. Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար»։

Պատերազմի տարիների ամենաերիտասարդ հրամանատարներից Սամվել Բաբայանը բոլորովին այլ բան է պատմում.

«Խոջալուի գործողության ժամանակ ես պետք է և՛ Աղդամը պահեի, և՛ ապահովեի գետի հոսանքով անվտանգության միջանցք, որ ժողովուրդը կարողանար դուրս գալ, ինչն էլ կատարել եմ: Միջանցքը տրվել էր, բայց մի անհասկանալի բան տեղի ունեցավ: Աղդամի կողմից մեզ վրա հարձակվեցին: Բնակչությունը պետք է մեր դիրքերի արանքով անցներ և Աղդամ մտներ: Աղդամի ադրբեջանական ուժերի շրջանում տպավորություն է ստեղծվում, թե հայերն են անցնում: Բռնությունները կատարել են ադրբեջանական ուժերը` գիտակցաբար, թե ոչ, չգիտեմ: Մենք Խոջալուում բնաջնջում չենք իրականացրել: Ընդհանրապես, պատերազմի տարիներին մենք խաղաղ բնակչությանը թույլ ենք տվել, որ հեռանա: Քելբաջարում կարող էինք ճանապարհները փակել և 60 հազար մարդու կոտորել, բայց հատուկ մի քանի օր ռազմական գործողությունը հետաձգել, ճանապարհ ենք տվել»:

Խոջալուի բնակիչներից Սալման Աբասովը հետագայում բողոքել է.

«Այդ ողբերգական իրադարձություններից մի քանի օր առաջ հայերը մեզ մի քանի անգամ ռադիոյով նախազգուշացնում էին, որ գրավելու են քաղաքը և պահանջում էին հեռանալ: Երկար ժամանակ Խոջալու էին թռչում ուղղաթիռներ, և պարզ չէր` որևէ մեկը մտահոգվա՞ծ էր մեր ճակատագրով, հետաքրքրվո՞ւմ էր մեզանով: Գործնականում որևէ օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավորություն կար դուրս բերել կանանց, երեխաներին, ծերերին, մեզ համոզում էին դա չանել»:

Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։