Վտանգն այնքան մեծ է, որ արդեն պետք է հայտարարվեր պանդեմիայի մասին

Դեռ այսօր առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածության հայտնի ու հաստատված դեպքերի քանակն աշխարհում արդեն հասել է 79 570-ի, մահացել է 2629 հոգի, բուժվել 25 227-ը:

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվում երկու հոգի հոսպիտալացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է, մյուսը` Ադրբեջանի, երկուսն էլ տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունք:

Ավելի վաղ Իրանի Ղոմ քաղաքի երեք բնակիչներ՝ մայրը և երկու մանկահասակ երեխաները, Վրաստանում կարանտինացվել են նոր կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով։ «Sputnik» կայքի վրացական բաժնի փոխանցմամբ, օդանավակայանից նրանց միանգամից հիվանդանոց են տեղափոխել, քանի որ Թբիլիսի ժամանելուն պես, երեխաներից մեկի մոտ բարձր ջերմություն է արձանագրվել։ Հիվանդանոցում կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են հայտնաբերվել նաև մյուս երեխայի մոտ։ 8 և 13 տարեկան այդ երեխաներին, որոնց վիճակը 3 օր առաջ միջին ծանրության էր, բուժում էին նոր կորոնավիրուսի դեմ, մինչև հայտնի կլիներ վերջնական ախտորոշումը: Հսկողության տակ է պահվել նաև մայրը, քանի որ շփվել է երեխաների հետ։

Ճապոնիայում երեկ ևս 12 մարդու մոտ հաստատվել է COVID-2019-ի առկայությունը, նրանց մեծ մասը գտնվում է Տոկիոյում և Հոկկայդո հյուսիսային կղզում: Այսպիսով երկուշաբթի երեկոյան վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը` հաստատված թեստերի արդյունքում, հասել է 850-ի, նրանցից 691-ը Ճապոնիայի ափին, Նոկոգամի նավահանգստում խարսխված ու կարանտինի մեջ գտնվող «Diamond Princess» ճամփորդական հանրանավի ուղևորները և անձնակազմի անդամներն են:

Հարավային Կորեայում, երեկ երեկոյան հրապարակված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսով վարակվածության արդեն 763 հաստատված դեպք էր գրանցվել:

Ժնևում նույն օրը կայացած ճեպազրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի հարուցած, Չինաստանում և մի շարք այլ երկրներում գրանցված հիվանդության բռնկումն ունի պանդեմիայի (համաշխարհային համաճարակի.- Ա. Հ.) ներուժ, սակայն այս պահին այն իրենից ներկայացնում է համաճարակ:

««Պանդեմիա» բնորոշման օգտագործումը չի համապատասխանում փաստին»,- նշել է նա և պարզաբանել, որ այժմ աշխարհի տարբեր մասերում համաճարակ է: Այնուամենայնիվ, ինչպես շեշտելէ ԱՀԿ ղեկավարը, այս բռնկումը «պանդեմիայի ներուժ ունի»:

Կազմակերպության ղեկավարի խոսքով ՝ այս կամ այն բառեզրի օգտագործումը կախված է «վիրուսի տարածումից, հիվանդության ծանրությունից և հիվանդության ազդեցությունից ամբողջ հասարակության վրա»:

Շատ բարի, բայց վիրուսն տարածվել է արդեն աշխարհի առնվազն 28 երկրում, COVID-2019-ը վարակելիության շատ բարձր աստիճան ունի, պարտադի՞ր է, որ վարակը տարածվի աշխարհի ևս մի 28-30 երկրում, Չինաստանից դուրս զոհերի քանակը, որն այժմ մոտ 2000-ի է հասնում, կրկնապատկվի կամ եռապատկվի, որպեսզի ԱՀԿ-ն հայտարարի պանդեմիայի մասին…

Մինչ օրս ԱՀԿ-ն «չի նկատել այս վիրուսի գլոբալ տարածումը և չի տեսնում մեծ թվով ծանր դեպքեր կամ մահեր»,- ասել է Գեբրեյեսուսը և միաժամանակ նշել, որ, ըստ իրեն, հիվանդության նոր դեպքերի թվի աճը, «իհարկե, մտահոգիչ է»: Նա, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Իտալիայում, Կորեայի Հանրապետությունում և Իրանում դեպքերի թվի կտրուկ աճի կապակցությամբ:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին երևի «ակնոցներ» են անհրաժեշտ` վիրուսի գլոբալ տարածումը նկատելու համար, երկդիմի քաղաքականություն վարելու փոխարեն, նա արդեն իսկ պետք է հայտարարած լիներ պանդեմիայի մասին: Ճիշտ այդպիսի դանդաղկոտությամբ, ուշացումով նա և ԱՀԿ-ն հայտարարեցին Չինաստանում համաճարակի մասին, երբ դա պետք է անեին ավելի վաղ, քանի որ իրավիճակը ու դրանից բխող զարգացումներն անգամ ոչ մասնագետներին այդ ժամանակ պարզ էին արդեն:

Ճիշտ է, ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր երկրներին կոչ է արել «կենտրոնանալ նախապատրաստական գործողությունների վրա», պատրաստվել հնարավոր պանդեմիային, սակայն սա չի նշանակում պանդեմիա հայտարարել, սա բոլորովին այլ բան է, քանի որ այս դեպքում թողնվում է, որ յուրաքանչյուր երկիր ինքը գնահատի իր մոտ եղած ռիսկը:

Անցած հանգստյան օրերի ընթացքում Իտալիայում կտրուկ աճել է նոր կորոնավիրուսի հարուցած ոչ տիպիկ թոքաբորբով հիվանդների թիվը: Ըստ փետրվարի 24-ի տվյալների, հիվանդությունը հայտնաբերվել է 219 մարդու մոտ: Հիվանդներից վեցը մահացել են, մի քանի տասնյակ հիվանդներ գտնվում են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:

Իտալիայի իշխանությունները նախաձեռնում են արտակարգ միջոցառումներ: Նոր կորոնավիրուսի տարածման օջախ համարվող երկու քաղաքներ գործնականում մեկուսացված են, կարանտինացված են Լոմբարդիայի ինը համայնք: Ֆուտբոլային հանդիպումները, Լա Սկալայում ներկայացումները չեղյալ են հայտարարվել, ժամանակից շուտ ավարտվելու է Վենեցիայի ամենամյա կառնավալը: Իտալիայի մշակույթի նախարարությունը չեղյալ է հայտարարել ամսվա յուրաքանչյուր առաջին կիրակի երկրի բոլոր պետական թանգարաններ, հնագիտական պարկեր և պետական այլ մշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորություն տվող ավանդական նախաձեռնությունը: Երկրի հյուսիսային վեց շրջանների իշխանություններ որոշել են գոնե մեկ շաբաթով փակել դպրոցներն ու համալսարանները: Երեկվանից Լոմբարդիայում և Վենետոյում արգելվել են բոլոր հասարակական միջոցառումները, ներառյալ` մշակութային, սպորտային և կրոնական:

Ակնհայտ է, որ Իտալիայում COVID-2019-ով վարակվածների քանակը մոտ քառակի անգամ ավելին է, քան Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների քանակը, զոհերի քանակն էլ մոտ է Իրանում գրանցված զոհերի թվաքանակին: Այս իրավիճակում ՀՀ կառավարության դիրքորոշումը դուրս է տրամաբանությունից: ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ մասնակիորեն փակվել է Իրանի հետ սահմանը, հայտարարվել է օդային հաղորդակցության նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու մասին, մինչդեռ նույնը պետք է հայտարարվեր նաև Իտալիայից ուղիղ կամ միջնորդավորված չվերթով Հայաստան եկող օտարերկրյա քաղաքացիների և ազգությամբ հայ, բայց ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց առնչությամբ (բացառությամբ պաշտոնական գործողումներով ՀՀ եկող պաշտոնյաների):

Արթուր Հովհաննիսյան