Արցախում վաղը պաշտոնապես կմեկնարկի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վաղվանից` փետրվարի 26-ից, կտրվի մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Այս մասին այսօր կայացած ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ համաձայն ԱՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պետք է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող թեկնածուներն ազատվեն աշխատանքային պարտականություններից:

Ս. Արզումանյանը նշել է, որ այսօրվանից Արցախում գործող բոլոր առևտրային բանկերին կուղարկվեն համապատասխան գրություններ, իսկ վաղվանից էլ կարող են բացվել նախընտրական հիմնադրամները: Բացի դրանից, ԿԸՀ կայքում արդեն իսկ տեղադրվել են եկամուտների հայտարարագրի ձևանմուշները:

«Առաջին անգամ մեր ընտրական պատմության մեջ համատեղ անցկացվող երկու ընտրությունների պարագայում կգործեն առանձին քվեատուփեր: Եթե Հանրապետության նախագահի քվեաթերթիկը հայտնվում է Ազգային ժողովի ընտրությունների քվեատուփի մեջ կամ էլ հակառակը, ապա այդ քվեաթերթիկը համարվում է չսահմանված նմուշ: Քանի որ օրենքով ընտրությունների արդյունքներն ամփոփվում են առանձին-առանձին, բնականաբար, նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտնված քվեաթերթիկը չի կարող հաշվարկվել»,- մանրամասնել է ԿԸՀ նախագահը: