Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 15-ի

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի (Сovid-19) զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնաբերվել է վարակվածների 34 նոր դեպք։ IRNA գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Փետրվարի 25-ի կեսօրվա դրությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 95 է:

«Կորոնավիրուսով վարակվածների 34 նոր դեպքերից 16-ը գրանցվել է Կումում, 9-ը` Թեհրանում, 1-ը`Ֆարս նահանգում, 2-ը` Մազանդարան նահանգում, 2-ը`Գիլանում, 1-ը` Նիշապուրում, 2-ը`Ալբորզում և 1-ը` Քեշմայում»,- հայտնել է Ջահանպուրը: Նրա խոսքով՝ բոլոր այս մարդիկ նախկինում այցելել են Կում կամ Կումից եկել են այլ քաղաքներ:

Վերջին 24 ժամվա ընթացքում 3 մարդ մահացել է:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենաբազմամարդ՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ՝ բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակվածներ են հայտնաբերվել աշխարհի 27 երկրներում, այդ թվում՝ Իրանում:

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի (Сovid-19) զոհերի թիվը հասել է 2592-ի, վարակվածների թիվը գերազանցել է 78 800-ը: 25128-ը ապաքինվել է: