Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը։

Միջնորդության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը փաստաբանների խոսքով անթույլատրելի է, քանի որ այն 2008 թվականին չի եղել և ներդրվել է ենթադրյալ արարքից (սահմանադրական կարգը տապալել, հեղ.) մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Նշենք, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: