Երախտագիտությունս տարեք ձեր հարազատներին, ովքեր չեն փորձել համոզել ձեզ՝ մնալ տանը. Ս․ Սարգսյան (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայր ժամանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը դատարանի դիմաց հայտարարությամբ հանդես եկավ, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և կոչ արեց՝ այս եղանակին չմնալ դրսում և վերադառնալ տուն:

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի ընկերներ, սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը, խնդրում եմ, որպեսզի իմ երախտագիտությունը տանեք ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել Ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- նշեց նա և հավելեց.

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանրամասները՝  տեսանյութում