Հունական կղզիներում բախվել են ներգաղթյալների դեմ բողոքի ելած բնակիչները և ոստիկանները

Հունական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Լեսբոս և Խիոս կղզիների բնակիչների դեմ, որոնք փորձել են խոչընդոտել ներգաղթյալների համար ճամբարներ կառուցելու նպատակով շինարարական տեխնիկայի բեռնաթափումը։ Այս մասին հաղորդել է Աթենքի АМНА լրատվական գործակալությունը։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տեխնիկան գիշերը կղզի է բերվել։

«Այսօր՝ վաղ առավոտյան, շինարարական տեխնիկա են բեռնաթափել Միտիլինի Լեսբոս և Խիոսի Մեստոն նավահանգիստներում՝ ներգաղթյալների համար նոր կենտրոնների կառուցման ուղղությամբ աշխատանքներ սկսելու նպատակով: Ոստիկանական ուժերն ուղեկցել են տեխնիկան ու անձնակազմին, որպեսզի առանց խնդիրների սկսեն աշխատանքը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հունաստանում կան մինչև 150 հազար ներգաղթյալներ և փախստականներ, որոնք  դիմել կամ ստացել են ապաստան: Միգրանտների մեծ մասը աֆղանցիներ են:

Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է մարտին սկսել փախստականների և ապօրինի ներգաղթյալների համար փակ ճամբարների կառուցումը, որպեսզի ամռանը նրանք արդեն աշխատեն: Հինգ կղզիներում կլինի հինգ ճամբար՝ 20 հազար տեղով, փախստականները երեք ամիս այնտեղ կպահվեն, մինչև քննարկվի ապաստանի դիմումը:

АМНА-ն հայտնում է, որ տեխնիկայի ժամանումը ուղեկցվել է անկարգություններով:

«Միտիլինի նավահանգիստը գրեթե երկու ժամ գիշերվա ընթացքում վերածվել էր մարտադաշտի: Նավահանգիստ ժամանած ոստիկանության ջոկատայինների 10 ստորաբաժանումները և կղզում գտնվող ոստիկանական ուժերը բախվել են տեղի հարյուրավոր բնակիչների հետ, որոնք փորձում էին կանխել տեխնիկայի բեռնաթափումը: Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ և լուսային նռնակներ»,- տեղեկացրել է  գործակալությունը:

Բախումներ են տեղի ունեցել նաև Խիոսի Մեստոն նավահանգստում: Արցունքաբեր գազից տուժել են կղզու քաղաքապետ Ստամատիս Կարմանտզիսը և մեկ քահանա, նրանք օգնության համար դիմել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է ուղարկել նավահանգիստ:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը