Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում․ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ հակառուսական հայտարարություններ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր` փետրվարի 25-ին, Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը: Այս մասին տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը:

«Մենք չենք կարող անուշադրության մատնել Բաշար Ասադի կողմնակիցների սադրանքները Իդլիբում և մեր սահմաններին մոտեցող ներգաղթյալների ալիքը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Բաշար Ասադի «ռեժիմին» Իդլիբում:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 26-ին ռուսական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա` քննարկելու իրավիճակն Իդլիբի անվտանգության գոտում, նշելով, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի` քառակողմ գագաթաժողովի ամսաթվի շուրջ համաձայնության մասին:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մենք պայմանավորվել ենք հանդիպել ամենաուշը մարտի 5-ին: Բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը կամ Անկարան: Դա նշանակություն չունի: Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կշարունակենք քննարկել Իդլիբի ճանապարհային քարտեզը: Կքննարկենք և կվերացնենք հնարավոր թերությունները»,- ասել է Էրդողանը:

Նա տեղեկացրել է նաև, որ բացի Իդլիբի հարցից, Թուրքիան Ռուսաստանի հետ ակտիվ շփումների մեջ է Լիբիայի հարցում:

«Առաջին հերթին պետք է կարգավորել այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում: Այդ թեման մենք քննարկում ենք բարձր մակարդակով: Բացի պարոն Պուտինի հետ երկխոսությունից, սիրիական թեման քննարկում են նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու պաշտպանության նախարարները: Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում է նաև լիբիական թեման: Խալիֆա Հաֆթարը Արաբական Միացյալ Էմիրությունների դրածոն է: Ցավոք, Ռուսաստանը նույնպես ներկա է Լիբիայում 2500 զինյալներով: Գումարը տրամադրում է Աբու-Դաբին»,-ասել է Էրդողանը:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ:

Անցած տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թ․ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, ըստ որի՝ հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում: