Խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին անցկացվել են խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, դասախոսներ, փորձագետներ:

Բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա նշել է, որ նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիների շրջանում: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, դրանց արդյունքում նախագիծը բարեփոխվել է:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է, և այն հեղափոխական փոփոխություններ է նախատեսում կրթության և գիտության ոլորտներում: Փոխնախագահն անդրադարձել է ակնկալվող փոփոխություններին, կարևորել գիտության ոլորտին հատկացվող բյուջետային միջոցների շարունակական ավելացումը: Նա նշել է, որ օրինագիծը դեռևս լրամշակման կարիք ունի, այդ իսկ պատճառով հրավիրվել են խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով նախատեսվող նորամուծություններն ու փոփոխությունները:

Նրա խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է: Անդրադառնալով նախագծի երկարատև և բուռն ընթացքով քննարկումներին՝ նա նշել է, որ տասնամյակներ շարունակ առկա է եղել կարծրացած ու կարծրացող համակարգ, և այժմ նախագիծը դիպչում է շատերի շահերին, հետևաբար որոշակի դիմադրությունը բնական է:

Նախարարը նշել է, որ ստացված առաջարկները քննարկվել են, դրանցից շատերն ընդունվել են, ինչը որոշակիորեն բարելավել է նախագիծը: «Մենք այլևս հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նախագիծը բարձրագույն կրթության ոլորտում լրջագույն փոփոխություններ է նախատեսում:

Նա մատնանշել է այն խնդիրներն ու օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների համաչափ ու ժամանակի պահանջներին համընթաց զարգանալուն: Բացի խնդիրներից՝ նախարարը ներկայացրել է որոշ դրույթներ, որոնց ընդունման պարագայում բարձրագույն կրթության ոլորտն էապես բարեփոխվելու է:

«Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվելու են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը: Բուհերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ ուսանող, իսկ 6-ը կլինեն գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է»,-ասել է նա:

«Բոլոնյան գործընթացի մարտահրավերներն ու օրենսդրական բարեփոխումների կանխատեսվող ազդեցությունը» թեմայի շրջանակում լսումների մասնակիցներն անդրադարձել են ոլորտի կառավարման խնդիրներին, բուհերում կրթական ծրագրերի իրականացմանն ու միջազգային կրթական տարածքի ինտեգրմանը, ժամանակակից աշխատաշուկային համապատասխանելիության ապահովմանը, գիտության և գիտատեխնիկական զարգացման համար նախադրյալների ձևավորմանը:

Բանախոսները ներկայացրել են առաջարկներ՝ նշելով, որ նախագծում խնդրահարույց դրույթներ կան, որոնք անհրաժեշտ է վերանայել: Ըստ նրանց՝ կարիք կա վերանայել բուհերի ինքնավարությանը, Գիտությունների ազգային ակադեմիային, բուհերում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր առարկաների ծրագրից հանելուն վերաբերող և այլ դրույթներ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է բուհերում դասավանդվող պարտադիր առարկաների ծրագրից հայերենը հանելու դրույթին: Նա անընդունելի է համարել դա՝ նշելով, որ քանի դեռ դպրոցներում ապահովված չէ մայրենիի բարձր մակարդակով ուսուցումը, չի կարելի նման քայլ անել: Իսկ հայերենի վատ ուսուցման մասին էլ փաստում են դպրոցական ավարտական քննությունների ցածր գնահատականներն ու կրկնուսույցներին դիմելու ավանդույթը, ընդգծել է պատգամավորը: Գործընկերոջ տեսակետը պաշտպանել է Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, թե դպրոցն այսօր աշակերտին չի տալիս հայեցի կրթություն և լեզվամտածողություն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը կարևորել է ապակենտրոնացված և ապաքաղաքականացված բուհեր ունենալը, արժևորել բուհական այնպիսի կրթության մատուցումը, որը շրջանավարտին կտա աշխատաշուկայում պահանջվող գիտելիքներ, և ոչ թե պարզապես դիպլոմ:

Դասախոս Գևորգ Էմին-Տերյանը նույնպես անդրադարձել է հայերենի և հայագիտական առարկաների հարցին՝ ժամանակավրեպ համարելով դրանք պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու մոտեցումը: Բանախոսը մտահոգիչ է համարել, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չափազանց վատ են տիրապետում հայոց լեզվին: Բացի դրանից, ըստ նրա, շարունակաբար և տարակերպ խախտվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: «Հայերենը պետք է պարտադիր ուսուցանվի բուհերում»,-ամփոփելով ելույթը՝ ասել է նա:

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանող Գևորգ Ղուկասյանն անդրադարձել է բուհերի ինքնավարության հարցին՝ նշելով հիշյալ բուհում առկա տարաբնույթ խնդիրները: Ուսանողական խորհուրդներին անդրադառնալով՝ նա նկատել է, որ նախագծում դրանց վերաբերող դրույթները մասնակիորեն են փոխվել, ինչը չի կարող նպաստել ուսանողական կառույցների արդյունավետ գործունեությանը:

Ամփոփիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հնչած տեսակետներին և ելույթներին, տվել պարզաբանումներ: Նա նշել է, որ հայերենի և հայագիտական առարկաների պարտադիր ուսուցմանը բուհերում տարիներ շարունակ ընդդիմացել են բազմաթիվ դասախոսներ: Նախարարի խոսքով՝ նախագծի անցումային դրույթներով նախատեսված է, որ պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկից այս կամ այն առարկան հանելը նախատեսվում է իրականացնել 2022 թվականից:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և լսումների մասնակիցներին՝ նախագիծը բարեփոխելու ջանքերի համար: Նա վստահեցրել է, որ արված առաջարկների շնորհիվ նախագիծն ավելի ընդունելի կդառնա: