Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ և այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ և այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին: ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 24-ին պաշտոնական այցի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին ելույթ է ունեցել Հնդկաստանի Հուջարաթի նահանգում։

«Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ վաղը (փետրվարի 25-ին) մեր ներկայացուցիչները գործարքներ կստորագրեն Հնդկաստանի զինված ուժերին 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի մարտական ուղղաթիռներ եւ այլ սարքավորումներ մատակարարելու վերաբերյալ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է NDTV հեռուստաալիքի եթերում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն է: Նախագահական ինքնաթիռը, որում եղել են Սպիտակ տան ղեկավարը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ինչպես նաև 12 մարդուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, վայրէջք է կատարել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան օդանավակայանում:

Սպասվում է, որ Ահմադաբադից հետո Թրամփը կնոջ հետ միասին կայցելի Ագրա քաղաք, որտեղ նրանք կդիտեն Թաջ-Մահալ թանգարանը: Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը կժամանի Նյու Դելի: Փետրվարի 25-ին պլանավորված են նրա բանակցությունները Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաև երկրի նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ:

Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի հնդկական բիզնես-հանրակցության ներկայացուցիչների և ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Փետրվարի 25-ի երեկոյան պլանավորված է ընթրիք, որը կանցկացվի նախագահական պալատում: