Մեր ժողովրդին դեռ երկար ժամանակ չի կարելի տանել հանրաքվեների, ընտրությունների (տեսանյութ)

Ապրիլի 5-ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, և փաստորեն հերթական անգամ պետության ճակատագիրը կվստահվի ցածր իրավագիտակցություն ունեցող և մշակութային ցածր խավի ներկայացուցիչներին, որոնք կառաջնորդվեն ոչ թե հավասարակշռված դատողությամբ, այլ հույզերով ու քարոզչական ազդեցություններով։ LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը։

«Մեր ժողովրդի 90-95 տոկոսը պատմական հանգամանքների բերումով քաղաքականությունից գլուխ չի հանում, պետություն չի ունեցել, քաղաքական հարցեր չի դրել իր առաջ, չի մտածել, չի վերլուծել, հետևաբար համապետական խնդիրներից գլուխ չի հանում, ուստի անիմաստ է իրեն հարցնել, թե Սահմանադրության որ դրույթն է պետության համար ավելի նախընտրելի։ Այդ նույն ժողովուրդն իր փոքր քաղաքում, գյուղում կատարյալ անընդունակ է քիչ թե շատ բարեկարգված միջավայր ստեղծել և իր կյանքն արդյունավետորեն կառավարել։ Մեր ժողովրդին դեռ երկար ժամանակ չի կարելի տանել հանրաքվեների, ընտրությունների, մեր ժողովրդին հարկավոր է, որ ի հայտ գան անհանգիստ մարդիկ, որոնք իրավիճակը հասկանում են և կգտնեն հնար, թե ինչպես կարելի է բացասական հատկանիշները, պատմության բեռը չեզոքացնել, որ ժողովուրդը դադարի հոշոտել իր պետությունը»,- ասաց Արծրուն Պեպանյանը։

Նրա համոզմամբ՝ մենք պետք է ձևավորենք էլիտա՝ հասարակության գաղափարական շերտ՝ ժողովրդին ծառայելու և նրանց վիճակը բարվոքելու կոչված անձանցից, և միայն այդ շերտի շնորհիվ հնարավոր կլինի երկիրը տանել ճիշտ ուղով։ Ըստ նրա՝ բոլոր այն երկրներում, որոնք հաջողության են հասել, այս մոդելն է գործում։

Մանրամասները՝ տեսանյութում