Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշումները։

Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.

  1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
  2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
  3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
  4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
  5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
  6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար: