ԱՄՆ ՌՕՈՒ զինծառայողն իր երկրին մեղադրել է ահաբեկչության մեջ

«Ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) միջոցով բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում և Սոմալիում իրականացրած սարսափելի հանցագործությունների զոհ են դարձել հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք: Միջազգային հանրությունը դրանք անտեսել է նախորդ տարիներին, չնայած այդ երկրների բնակիչները և իրավապաշտպանները բազմիցս փորձել են համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել աշխարհում ԱՄՆ ռազմական հանցագործությունների վրա:

Բայց ինչ-որ բան սկսել է տեղի ունենալ, և տարօրինակ զուգադիպությամբ դա ժամանակային առումով համընկնում է Իրանում ԱՄՆ և Իսրայելի դեմ հարուցված քրեական գործի հետ՝ կապված իրանցի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ: Այսպիսով, ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին օպերատոր Բրենդոն Բրայանտը, որը վեց տարի անօդաչու սարքերին ղեկավարել է Նևադա նահանգի Լաս Վեգասի մերձակայքում գտնվող մի փոքր մութ սենյակից, բրիտանական «The Sun» թերթին հայտնել է ԱՄՆ ռազմական գաղտնի ծրագրում իր մասնակցության սարսափելի մանրամասները մի շարք երկրներում ԱԹՍ-ի օգտագործմամբ անմեղ մարդկանց սպանությունների մասին՝ առանց սեռի և տարիքի նույնականացման։ Միացյալ Նահանգների բանակի նախկին զինծառայող, որը ծառայել է ռազմաօդային ուժերում 2006-2011 թթ․, հետագայում գիտակցել է այն հանցագործությունների սարսափը, որը նա կատարել է քաղաքացիական բնակչության դեմ, լինի դա Աֆղանստանում, Իրաքում, թե աշխարհի որևէ այլ երկրում: Իր ծառայության ընթացքում ԱՄՆ հարվածային ԱԹՍ-ները հարվածել են ավելի քան 1600 թիրախների, որոնք հայտնաբերվել են ռազմական հրամանատարության կողմից: Ավելի ուշ նա իմացել է, որ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա հեռահար հրթիռներով սպանվել են  կանայք և երեխաներ, տարեցներ և հաշմանդամներ:

Բրայանտը բրիտանական թերթին պատմել է նաև իր հրամանատարության դիրքորոշման մասին. երբ այդպիսի հարվածներից մեկի արդյունքում Աֆղանստանում երեխա էր սպանվել, նրան ցինիկաբար նկատողություն են արել. «Ավելի զգույշ եղիր, Բրենդոն»: Նրա կոլեգաները զբաղվում էին սպանություններով, կարծես դա էլեկտրոնային խաղ էր։

«ԱՄՆ ՌՕՈՒ նացիստներից ավելի վատն են»,- արձանագրել է ամերիկյան ԱԹՍ նախկին օպերատորը: Այնուամենայնիվ, այս պատմությունը շարունակություն է ունեցել, և, մեր կարծիքով, Բրենդոն Բրայանտի այս քայլի հետևանքները ԱՄՆ-ի համար ավելի աղետալի կլինեն, քան անգլիական «The Sun» թերթում Բրայանտի հետ հարցազրույցի հրապարակումը: Նա վերահաստատել է իր խոստովանությունն ամերիկյան անօդաչու ծրագրի մասին ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների առաջ, և այժմ աշխարհը հստակ ցնցված է: Բրայանտի խոսքերը վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները անտարբեր են խաղաղ բնակչության և անմեղ մարդկանց կյանքի նկատմամբ այն երկրներում, որտեղ նրանք «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով ապօրինաբար միջամտում են, ինչպես Աֆղանստանում, Իրաքում, Սոմալիում, ինչպես նաև՝ Եմենում և Սիրիայում, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մոռանում են այս հանցագործությունների մասին՝ դրանք թողնելով անպատիժ:

Մենք չենք կասկածում, որ Բրենդոն Բրայանտի խոստովանությունների հայտնվելը և Իրանում քրեական գործի հարուցումը փաստեր են, որոնք փոխկապակցված են անտեսանելի թելերով: Չէ՞ որ Սոլեյմանիի սպանությունը նույնպես իրականացվել է անօդաչու սարքերի միջոցով: Հարցն այն է, թե ինչ է անելու ԱՄՆ-ի դեմ ամերիկացի Բրենդոն Բրայանտի խոստովանական ցուցմունքների հետ հենց «ժողովրդավարական» համաշխարհային հանրությունը: Բայց մենք համարում ենք, որ երբ միջազգային քրեական դատարանը (Հաագայում) ստիպված կլինի համեմատել Բրայանտի ցուցմունքները ԱՄՆ-ի և Իսրայելի մեղավորության ապացույցների հետ, որոնք ներկայացվել են Իրանի կողմից Սոլեյմանիի գործով, Արևմուտքի համար դժվար կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պետական ​​ահաբեկչության համար գործեր հարուցելուց  հրաժարվելու պատճառ գտնել․․․

Սերգեյ Շաքարյանց