«Վերելք»․ Փաշինյանը հարկադրված է թշնամիներ ունենալ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է ընդդիմադիր Փաշինյանի կիրառած քաղաքական տեխնոլոգիան, համեմատում այն դեռ հարյուր տարի առաջ Արևմուտքում կիրառված տեխնոլոգիաների հետ։ Պեպանյանն առանձնացնում է քաղտեխնոլոգիայի հետևյալ տարրերը․ ապագա առաջնորդը պիտի՝
— մարդկանց տանի զոհեր ունեցող բախումների,
— հայտնվի բանտում,
— գիրք գրի, որը տարածվելու է մարդկանց մեջ,
— ունենա հռետորի հատկանիշներ,
— հանրությանը ներկայանա մշակված, յուրահատուկ շարժուձևով, պահվածքով։
Որպես մեր իրականության համար քաղտեխնոլոգիական նորամուծություն Պեպանյանն առանձնացնում է հարյուր տարի առաջ կիրառված  հետևյալ թեզը՝
«Հարկավոր է նախևառաջ ինքներս գիտակցենք, որ զանգվածները չեն կարող բավարարվել միայն գաղափարական կոնցեպցիաներով։ Հասկանալը բավականին խախուտ հենարան է զանգվածների համար։ Միակ կայուն էմոցիան ատելությունն է․․․ Պրոպագանդան պիտի հաշվի առնի լսարանի պատրաստվածության աստիճանը և սահմանափակի քարոզչության ինտելեկտուալ մակարդակը։ Տարրական «սևը՝ սպիտակի դեմ»-ը ավելի նախընտրելի է ծանր մտքերից․․․ Թեման պիտի լինի պայթուցիկ․․․ Լավ խառնեք ատելությունն ու կատաղությունը և պահեք կրակի վրա այնքան ժամանակ, քանի դեռ բազմությունը չի հասել ինքնամոռացության»։
Այնուամենայնիվ Պեպանյանը գտնում է, որ Փաշինյանի նախաձեռնած շարժումը չուներ մեր իրականությունը քաոսայնության մեջ պահող խորքային երևույթների ճանաչողություն, և այդ թերացումը տևական ժամանակի մեջ հանգեցնելու է ներկա իշխանությունների վարկանիշի անկման։ Այդ թերացման պատճառով Փաշինյանը հիմա հարկադրված է անվերջ թշնամիներ որոնել ու պայքար նախաձեռնել նրանց դեմ՝ փոխանակ զբաղվելու ստեղծագործ պետականակերտ աշխատանքով։
Իսկ թե ո՞րն է այդ թերացումը՝ կիմանաք դիտելով տեսանյութը։