Պուտինը, Մերկելը և Մակրոնը քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովստին»։

Կրեմլի հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Իդլիբում տիրող իրավիճակին: Մասնավորապես, Պուտինը շեշտել է ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտության մասին՝ պահպանելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Մասնավորապես Մակրոնը և Մերկելը հայտարարել են Իդլիբում լարվածության նվազեցման պատրաստակամության մասին: Կողմերն ընդգծել են նաև խաղաղ բնակչության համար մարդասիրական հետևանքների կանխարգելման կարևորությունը:

Բացի դրանից, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը հայտարարել են, որ պատրաստ են համատեղ հանդիպում անցկացնել Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սիրիայում իրավիճակի սրման հարցերը քննարկելու համար:

Զրույցի ընթացքում երեք երկրների ղեկավարները նաև աջակցել են Լիբիայում հրադադարի պահպանմանը և երկխոսության վերսկսմանը`Բեռլինի կոնֆերանսի որոշումներին համապատասխան: Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ, ինչի պատճառով զոհվել է ինը մարդ:

Իդլիբում իրավիճակը սրվել է հունվարի վերջին՝ նահանգում սիրիական զորքերի գրոհից հետո: Փետրվարի սկզբին Անկարան հաղորդել էր Դամասկոսի գործողությունների պատճառով մի քանի թուրքական զինվորականների մահվան մասին:

Թուրքիան պահանջել է վերջ տալ զինված գործողություններին: Իր հերթին, Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունները նշել են, որ կառավարական զորքերի նպատակը Իդլիբը ահաբեկիչներից մաքրելն է:

Այսօր վաղ առավոտյան գրոհայինները թուրքական հրետանու աջակցությամբ փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը: Դամասկոսի խնդրանքով՝ ռուսական Սու-24-ը  երկինք է բարձրացել և հարվածել է ահաբեկիչներին, ինչը թույլ է տվել հետ մղել հարձակումը: Մոսկվան մտահոգություն է հայտնել, որ Անկարան աջակցում է գրոհայիններին: Ինչպես հաղորդել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից, դրանով թուրքական իշխանությունները խախտել են ահաբեկիչների և ընդդիմության սահմանազատման մասին համաձայնագիրը:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը