Չեմ բացառում, որ բանակում մահերը դիտավորություն են, օտարերկրյա գործակալների ձեռքի գործ (տեսանյութ)

Հայոց Ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում անդրադարձավ բանակում սպանությունների և ինքնասպանությունների թվի աննախադեպ աճին՝ ասելով, որ բանակում առկա վիճակի պատճառները մի քանիսն են, և առաջին հերթին հասարակության վերաբերմունքն է բանակում ծառայության անցնող երիտասարդին։

«Քանի դեռ մեր բանակը գործում է սովետական բանակի կառուցվածքով, մենք այդ խնդիրն անընդհատ ունենալու ենք, և ամենավատն այն է, որ շատ արագ, շատ կարճ ժամանակում մենք այդ խնդիրը չենք կարող հաղթահարել, քանի որ կան ինստիտուցիոնալ սխալներ՝ երեխայի որոշակի տարիքից սկսած մինչև զորակոչ, զորակոչի ժամանակահատվածում կազմակերպման խնդիրների մեջ։ Նախ երեխաների դաստիարակութան վրա պետք է ուշադրություն դարձնել համապատասխան կրթական հաստատություններում՝ մանկապարտեզում, դպրոցներում, բուհում։ Որից հետո փողոցն ու ծնողներն են, որ ազդում են երեխայի դաստիարակության, բովանդակության վրա։ Այս փոխազդեցությունները ձևավորում են մարդու անձը։ Ես քիչ հավանական եմ համարում, որ այն երեխան, որը 12-14 տարեկանից ապրել է քրեական կյանքով, մասնակցելով տարբեր ռազբորկաների, անընդհատ բերման է ենթարկվել տարբեր տեսակի խուլիգանական արարքների համար, բանակում կծառայի որպես խոնարհ, հայրենիքին հավատարիմ զինվոր»,- ասաց Տիգրան Չոբանյանը՝ հավելելով, որ այդ երիտասարդների նկատմամբ բանակում հատուկ վերաբերմունք պետք է դրսևորվի և նրանց պետք է օրինապահ, պարկեշտ, հայրենիքի անվտանգության գիտակցումով երիտասարդների հետ նույն զորամասում չծառայեն։

Հայոց Ազգային գվարդիայի հրամանատարը բանակում վերջին դրսևորումների մի շարք պատճառների մեջ նշեց նաև հատուկ դիտավորությունը․ նրա համոզմամբ, այդ սպանություններին ու ինքնասպանություններին անմասն չեն օտարածին ուժերը, օտար գործակալական ուժերը, որոնք իրենց առաջ նպատակ են դրել կազմալուծել, թուլացնել մեր բանակը։

Մանրամասները՝ տեսանյութում