Ժամանակի հարց է

Պարբերաբար, պատասխանի ակնկալիքով լսում եմ. «Քանի որ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, հետևաբար…» կամ՝ «Քանի որ շատ բարձր է` հետևաբար…»: Ասեմ. ցանկացած գործչի (այդ թվում` Նիկոլ Փաշինյանի) կամ կուսակցության (այդ թվում` Դաշնակցության) տվյալ պահին արձանագրված վարկանիշն ընդունում եմ որպես իրողություն և ի գիտություն` ոչ ավել, ոչ էլ պակաս: Ցանկացած տոկոս ընդունում եմ որպես առկա իրավիճակի գնահատական և սեփական ասելիքիս բովանդակությունն ու անելիքներիս նպատակները հանրությանն առավել հասկանալի դարձնելուն միտված ավելի ճիշտ մարտավարություն կառուցելու, բայց ոչ երբեք` նպատակներս ու գաղափարներս փոխելու հիմք:

Որովհետև երկրի ու ժողովրդի առջև կանգնած հիմնախնդիրների լուծման ուղիների, երկրում տեղի ունեցողի վերաբերյալ ես ունեմ իմ դիրքորոշումները, մոտեցումներն ու գաղափարները: Եվ դրանց հիման վրա եմ գնահատում` որևէ քաղաքական ուժի կամ գործչի քայլերն, ըստ իս, ճի՞շտ են, թե՞ սխալ:

Եվ միևնույն է ինձ համար, թե ճիշտ կամ սխալ լուծումներ առաջարկողի վարկանիշը որքան է: Եթե Փաշինյանը ճիշտ քայլ է անում (իսկ այդպիսիք կան), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է մերժե՞մ այդ ճիշտ քայլերը միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը ցա՞ծր է: Եթե Փաշինյանը սխալ քայլեր է անում (իսկ այդպիսիք շատ շատ են, վտանգավոր աստիճանի շատ), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլերն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է այդ սխալ քայլերը ընդունե՞մ, չքննադատե՞մ միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը բա՞րձր է:

Սեփական մոտեցման ու գաղափարի պարագայում էլ նույնն է: Եթե ես համոզված եմ, որ ճիշտ բան եմ ասում, ինձ չի հետաքրքրում, թե դա իմ վարկանիշը կբարձրացնի, թե կիջեցնի, ինձ չի հետաքրքրում, թե քանի հոգի ինձ կգովեն կամ կքննադատեն, նույնիսկ` կհայհոյեն: Շատերի, այդ թվում յուրայինների կողմից ժամանակին (չի բացառվում նաև հիմա ) չեմ հասկացվել կամ մեղադրվել եմ, որ քննադատում եմ Փաշինյանին: Հիմա դրանցից շատերը հայհոյում են Փաշինյանին, ու ես եմ արդեն իրենց քննադատում հայհոյանքների համար, ու զավեշտ՝ հիմա էլ դրա համար եմ քննադատության արժանանում: Ուրեմն, ժամանակին կամ հիմա ես պետք է այդ տրամադրություններով առաջնորդվեի՞, թե՞ սեփական տեսակետս պաշտպանեի: Եթե ես այդ` ամեն օր փոխվող տրամադրություններին հետևեի միայն այն պատճառով, որ համապատասխանեի պահի տրամադրություններին, դուք ինձ կհարգեի՞ք : Ամենակարևորը` ուզում եք, որ ես՝ որպես քաղաքական գործիչ, սեփական մոտեցումներով առաջնորդվե՞մ, թե՞դրանք հարմարեցնեմ այլոց ճաշակին կամ ԱՅԴ պահի տրամադրությանը:

Ճիշտը պետք է ընդունել ու պաշտպանել, սխալը պետք է քննադատել ու մերժել` անկախ նրանից, թե դա ով է ասում ու անում, կամ դա քանիսին է դուր գալիս, կամ`ոչ: Որովհետև հանրային տրամադրությունները փոփոխական են, երեկվա 70 տոկոսը կարող է դառնալ 7 և հակառակը (ինչպես և եղել է` եթե հիշում եք) : Ավելին` ժամանակին 300, 400, 500 հազար քվե հավաքողներից քանի՞սն այսօր կհավաքեն դրա գոնե 1 տոկոսը: Վերջապես քաղաքականության մեջ հաճախ է պատահում, երբ ճիշտ քայլերը բնավ չեն բերում բարձր վարկանիշի, և հակառակը` հաճախ են ամբոխահաճո քայլերը, սխալները, պարզունակ մոտեցումներն ընդունվում էյֆորիայի մթնոլորտում:

Միշտ եղել են ու այսօր էլ կան մարդիկ, որոնք տեսակետ են հայտնում` ելնելով վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, հանրային տրամադրությունների վայրիվերումներից, նույնիսկ ֆեյսբուքյան լայքերի ու դիսլայքերի քանակից: Տոկոսներն ու տրամադրությունները փոխվում են` փոխվում են նաև իրենց «տեսակետներն» ու «համոզմունքները»:

Ոմանք նման կեցվածքն արդարացնելու համար ասում են, թե դրսևորում են քաղաքական «ճկունություն» և «հավասարակշռված կեցվածք»:

Բայց նմանօրինակ կեցվածքը արդեն պոպուլիզմ էլ չէ, դա կամ դեմագոգիա է, կամ` կոմֆորմիզմ, կամ սեփական մոտեցում ու գաղափար չունենալու, կամ` դրանք պաշտպանելու համարձակությունը չունենալու ցուցիչ, կամ էլ «շառից ու փորձանքից հեռու մնալու» բանաձևով որևէ բան չանելու ինքնաարդարացում: Ի վերջո ժամանակն ամեն ինչ ու ամենքին անխուսափելիորեն կդնի իրենց իսկական տեղում:

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Ժամանակի հարց էՊարբերաբար, պատասխանի ակնկալիքով լսում եմ. “Քանի որ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, հետևաբար…” կամ…

Опубликовано Spartak Seyranyan Четверг, 20 февраля 2020 г.