«Մի բառի համար քսան բառարան էր բաց անում»․ Նվարդ Թումանյան

Գրքի նկատմամբ Թումանյանի սերը վիթխարի էր, ապացույցը՝ 10․000 միավոր գրականություն կազմող գրադարանն էր։

Պահպանվել և այժմ գրողի թանգարանում են պահվում 8150 գիրք։

Համեմատության համար ասենք, որ Լ․ Տոլստոյի Յասնայա Պոլյանայում պահվում է շուրջ 16․000 գիրք, որոնք ձեռք են բերել ապահովված Տոլստոյների ազնվական տոհմի մի քանի սերունդներ հաջորդաբար, իսկ Թումանյանը միայնակ է կազմել իր գրադարանը։ Այն սիրով, հատուկ խնամքով և ընտրությամբ ձեռք բերված կովկասագիտական, հայագիտական, արվեստաբանական, պատմագիտական, փիլիսոփայական և այլ բնագավառների գրքերի հարուստ հավաքածու է՝ տարբեր լեզուներով։

Թումանյանի գրադարանում անհամեմատ մեծ թիվ են կազմում ռուսերեն գրքերը՝ 5220 (3700 անուն), հայերեն գրքերը՝ 2400 միավոր (2042 անուն), իսկ այլ լեզուներով գրքերը՝ 529 միավոր (430 անուն)։

Իր հարուստ գրադարանը բանաստեղծը զետեղել էր 12 պահարաններում, որոնցից յուրաքանչյուրը հատկացրել էր մի բնագավառի։

Առաջին պահարանում ամփոփված էր արևելքի մասին գրականությունը։ Այդ պահարանը կոչվում էր «Իլյա Մուրոմեց», քանի որ այդ երկի թարգմանության  հոնորարով էր գնել այն։ Երկրորդ պահարանը հատկացրել էր բանահյուսությանը, 3-րդը՝ բնական գիտություններին, 4-րդը՝ ընդհանուր պատմությանը, 5-րդը՝ հասարակագիտությանը, 6-րդը՝ պատմությանը, 7-րդը՝ օտարալեզու գրականությանը, 8-րդը՝ ռուսերեն գեղարվեստական գրականությանը, 9-րդը՝ կովկասագիտությանը, 10-րդը՝ հայ գեղարվեստական գրականությանը, 11-րդը՝ փիլիսոփայությանը, կրոնին, մանկավարժությանն ու բժշկությանը, իսկ 12-րդը՝ արվեստաբանությանը։  Մի առանձին պահարան էր հատկացված էր բառարաններին։

Բանաստեղծը գնում էր ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան լեզուների (պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ և այլն) բառարաններ, մշտապես թերթում էր դրանք, իսկ թարգմանություններ կատարելիս օգտվում, ստուգում, ճշտում գիտեցածը։ Նրա սեղանի գրքերից էին Պոլսում, Վիեննայում, Վենետիկում, Մոսկվայում, Թիֆլիսում և այլուր  լույս տեսնող ժամանակի հայագիտական բոլոր հանդեսները, Մխիթարյան միաբաններից Մանվել Քաջունու գիրքը, Հայկազյան, Վ․ Դալի և Վ․ Ռադլովի (քառահատոր) բառարանները։

Դուստր Նվարդը վկայում է․ «Մի բառի համար քսան բառարան էր բաց անում»։

Գրադարանի 550-ից ավելի գրքերում մատիտով արված գրառումները բացահայտում են նաև ուսումնասիրող Թումանյանին։

Որոշ գրքեր այնքան հարուստ են նշումներով, որ դարձել են և դեռ կարող են դառնալ առանձին հետազոտության նյութ, ինչպես օրինակ․Աբովյանի «Վերք Հայաստանի», Էմինի «Ազգագրական ժողովածուի» հատորները, Շեքսպիրի «Արքա Լիրը», «Համլետը», «Մակբեթը», «Ռոմեոն և Ջուլիետը», Սայաթ-Նովայի «Երգորը», Լեոյի «Դավիթ և Մհերը»․․․

Աղբյուրը՝ Սամվել Հարոյան, «Ամենայն հայոց բանաստեղծը»