«Վերելք»․ Թե ինչպես էր Հրայր Թովմասյանը Թումանյանի ժամանակներում խանգարում երկրի զարգացմանը (տեսանյութ)

Բանաստեղծ, գրող Թումանյանին գիտեի, բայց ահա քաղաքագետ Թումանյանին չէի ճանաչում:
2012-ին մի օր ինձ զանգահարեց այն ժամանակ նախարար, իսկ ներկայում Հայաստանի զարգացման «միակ խոչընդոտ» ճանաչված Հրայր Թովմասյանը և ասաց, որ կարդում է Թումանյանի «Բորչալվում»» գործը և ապշել է մեր և Թումանյանի ժամանակների նմանությունից. բոլոր բացասական երևույթները, որ կան հիմա, եղել են նաև այն ժամանակ: Նա առաջարկեց Թումանյանի քաղաքական նկատառումներն ի մի բերել և հրատարակել առանձին գրքով՝ որպես օգնություն քաղաքականությամբ զբաղվողներին: Գրքում ներառեցինք մեր մյուս մեծերի դիտարկումները ևս:

Գրքի վրա աշխատելու ընթացքում հայտնաբերեցի, որ Թումանյանն իրեն հատուկ խորատեսությամբ ներկայացրել է իրականությունը, բացահայտել այն ծնող պատճառները, ապա և լուծում առաջարկել: Դրանք արդիական են նաև այսօր:
Թումանյանի ծննդյան օրվան նվիրված «Վերելք» հաղորդաշարի այս թողարկման մեջ ներկայացվում են նրա դիտարկումները:

Ներկայացնում ենք թողարկման մեջ հնչած Թումանյանի գործերից հատվածներ․

Բորչալվում

Սակայն ժողովուրդը բողոքում է կառավարիչների ու դատաստանատների դռներին չոքած։ Բայց չկարծեք, թե նրա բողոքը արդարություն է պահանջում։ Ո՛չ, այդ դեռ շատ հեռու է այսքան ընկած մի ժողովրդի հոգուց։ Այդ բողոքողն էլ մի ուրիշ կուսակցություն է, դա էլ մի ուրիշ տանուտեր է ուզում, որ գուցե ավելի վատթար լինի, քան առաջինը։

Տվեք այդ արդարության անունով բողոքողներից ամենաթունդին թեկուզ մի գզրի պաշտոն և կտեսնեք, թե ինչ պտուղ է կամ ինչ է նշանակում նրա բերանում «արդարությունը»։

***

Բորչալվեցին այնքան է սովորել կաշառքին, որ չի հավատում, թե առանց կաշառքի կարող է գործ առաջ գնալ աշխարհքում։ Նրա կարծիքով աստված էլ աշխարհքը կաշառքով է ստեղծել։

***

Այս բոլորից հետո ձեր առաջ կանգնում է վտիտ, կորաքամակ և ապուշ նոր սերունդը, մի խիստ, աչքի ընկնող կոնտրաստ—հակապատկեր ներկայացնելով յուր հայրենիքի հսկայական բնության հետ։

***

Գալով դարձյալ ընդհանուրին՝ այս կասեմ․ առհասարակ դանդաղ ու կոպիտ է այս ժողովուրդը, ինչպես յուր սիրած գոմեշը, ինչպես յուր լեզուն, շարժվածքն ու երգը (թեև սեփական երգ էլ չունի):

Զուրկ է թե՛ ապրելու և թե՛ հոգեկան վայելչությունների ճաշակից․ նա չի կարողանում գնահատել նույնիսկ յուր լեռնային բնության վայրենի գեղեցկությունը և անխնա այլանդակում է, շարունակ սպառելով ահագին անտառները։ Դեռ վայրենու նման քաղաքակրթության արտաքին փայլերովն է շլանում։ Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական—զուտ ազգային կյանքի օրենք– ադա՛թ, որ ավանդեր յուր որդուն։ Դորա համար էլ ինքնուրույն ոչինչ չի զարգացել նորա մեջ…
Պատվի զգացմունքը թույլ է նրա մեջ, ինքնասիրությունը ապականված, հոգու առաքինի հատկությունները սասանված, խախտված։ Շողոքորթությունը, կեղծավորությունը, խորամանկությունը, ստախոսությունը, քսությունը կազմում են նրա բարոյական աշխարհի տիրող մասը։

Եվ մակերևույթից խոր թափանցող աչքերը կտեսնեն, որ նրա բոլոր սրբազան զգացմունքները մատչելի են դարձել ամենակեղտոտ ձեռքերի, ականջները խլացել են մաքուր ձայների համար և զգացմունքները բթացել․ նա հաց է ուզում միայն, նվազած է նրա կյանքը, նվազած, ստորացած է և նրա պահանջը։

Ահա մի քանի աղքատ տեղեկություններ մեր ժողովրդից։ Ահա այն առաքինի, նահապետական ժողովուրդը, այն առողջ, հսկա ժողովուրդը, որ այնքան ոգևորում է մեր երազուն հայրենասերներին. այն մեծանուն դատավոր «ժողովուրդը», որ իրանց կաբինետներում նստած հրապարակախոսներից յուրաքանչյուրը յուր կողմն է քաշում, իբրև մեծ բարոյական ուժ, հավատացնելով, թե իրան հետ է նա…

Զարմանալի ժողովուրդ ենք մենք։ Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպեր կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին-և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը։ Հայոց հայրենասերն Արտազը, Տարոնն ավելի է սիրում, քան Արտազում և Տարոնում ապրող ժողովուրդը։ Հայոց հոգևորականը նախնյաց ավանդություններն է քարոզում, նրանց է պաշտոն տանում՝ ապրող ժողովրդի բարոյական կյանքն ու հառաջադիմության պահանջները մոռացած…

Ահա մի քրմական, կույր, կեղծ, անխելք հայրենասիրություն։ Մեր սգավորը, մեռելը թող արած, դագաղի համար է արտասվում։

Թյուրիմացության
մութի մեջ

Թյուրիմացությունը, անգիտությունը, անծանոթությունը մի մութը դրություն է. իսկ ամեն չար բան մութիցն է ծնում։ Մթության մեջ կասկածում ենք ամեն շարժումից, վախենում ենք իրարից, մեր վախը իրար հաղորդելով՝ վախով վարակում ենք ավելի մեծ բազմություններ, դարձնում ենք մի ահռելի երևույթ, մի հիվանդոտ դրություն, ուր ամենափոքր առիթից սուտ ու սխալ ծնունդ են առնում հրեշավոր առասպելներ ու հեշտ էլ դառնում են իրար թշնամի ամբողջ ժողովուրդներ։ Այնուհետև կուրանում ենք իրար լավ կողմերը տեսնելու, խլանում ենք առողջ, բարի խոսքի հանդեպ, դառնում ենք հակամետ ամեն չար բանի հավատալու, հետևելու, և էդ տեսակ ժամանակները դուրս եկող ամեն մի սրիկա կարող է խաղալ ժողովուրդների ճակատագրի հետ։  1909թ.

Վրիժառության ախտը

Խորապես ցավելով պետք է խոստովանենք, որ մեր ժողովրդի մեջ սաստիկ զարգացած է վրեժխնդրության զգացմունքը և մեր մարդը, վրեժ առնելու համար հաճախ կանգ չի առնում ոչ մի միջոցի առջև։ Եվ ավելի ևս զզվելին այն է, որ նա սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով, ինքը միշտ մութի մեջ։

…Եվ, հիրավի, արդարությունը մեր երկրում շատ է տուժում մեր այս ցած հատկության պատճառով, այլև կորցնում ենք մեր բարոյական վարկն ու խոսքի արժեքը արդարադատության առաջ։

Եվ ամենուրեք է այս ախտը մեր կյանքում ու լոկ մտածելն անգամ սաստիկ, սաստիկ ծանր է:

Անկեղծ չենք

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում…

«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում…

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

-Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է:

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: ԵՎ ո՞վ պիտի ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը…

Կեղծի՜ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:

Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես…

Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա:

Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ:

Նրա ամեն ընկերությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը:

Դառնացած ժողովուրդ

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

…Ինչո՞ւ է էսպես։

Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
․․Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

****

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―

Մանրամասները՝ տեսանյութում