ՀՀ նախագահն ստացել է ՌՈ պետին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 19-ին ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները, ինչի համար ունի եռօրյա ժամկետ։

Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․«Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»: