Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 151-ամյակն է

Թե ինչպես Թումանյան ազգային գործիչը նոր ամառային վերարկուն փոխարինեց զենքով

Հայ ժողովրդի պատմության մեջ Թումանյանն ամենաինքնատիպ ազգային գործիչներից է․ նրա հայրենասիրությունը առանձնահատուկ երանգ ուներ․ այն թե՛ արվեստում, թե՛ կյանքում իրական էր, կոնկրետ գործ՝ զուրկ վերացականությունից ու վերամբարձությունից, ողբից ու տրտունջներից, բարձր՝ վրեժից ու անեծքից։

Այդպիսին էր նա կյանքում, այդպիսին էր նրա հայրենասիրական քնարը,  այդպիսին էր նրա ազգային գործունեությունը։ Պոետի հայրենասիրությունը ներառում էր իր մեջ ազատասիրություն, անձնազոհություն, հերոսականություն և աներկյուղ հայացք ամեն ինչի նկատմամբ։

Մեր բազմադարյա պատմության մեջ նույնքան մեծ հայրենասիրությամբ առանձնանում են Մաշտոցը, Խորենացին, Կոմիտասը, Անդրանիկը․․․

1888 թ․ Թումանյանը որոշում է միանալ Ալեքսանդր Գոլոշյանին (Վարդան Գոլոշյան, Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ․-խմբ․) և մի քանի հայրենասեր համախոհ ընկերների հետ մեկնել Արևմտյան Հայաստան՝ այն ազատագրելու նպատակով։ Սակայն չունենալով ո՛չ զենք, ո՛չ էլ գումար՝ զենք գնելու համար, առանց երկար մտածելու՝ գտնում է հնարը․ որոշում է վաճառել իր նոր ամառային վերարկուն և այդ գումարով զենք գնել։ Անհապաղ և առանց վարանելու իրագործում է իր մտադրությունը։ Չորս հայրենասեր ընկերներով Արևմտյան Հայաստան պետք է մեկնեին 1888 թ․ հուլիսին։ Ամեն ինչ պատրաստ էր, որոշված էր նաև մեկնելու օրը։ Սակայն երկու հանգամանք՝ բանաստեղծի հիվանդութունը և նշանադրությունը խանգարում են Թումանյանին ընկերակցել Գոլոշյանին։

Մինչ Թումանյանը գամված էր անկողնուն, Ալեքսանդր Գոլոշյանն իր ընկերների հետ Պարսկաստանի տարածքով անցնում է Արևմտյան Հայաստան։ 1889 թ․ գարնանը նա և Հովհաննես Ագրիպասյանը սպանվում են Վան մեկնելու ճանապարհին։

«Իմ գնալը հետաձգվեց, իսկ գնացողները սպանվել են ճանապարհին»,- այսպես նախախնամությունը փրկում է հայրենասեր բանաստեղծին, որի հետագա ճանապարհը դառնալու էր անձնազոհ կյանքի և բազմաթիվ սխրանքների մի հերոսապատում։ Հետագայում Ալեքսանդր Գոլոշյանի կերպարը դառնում է Թումանյանի «Հին կռիվը» պոեմի հերոս Վահանի նախատիպը։

Աղբյուրը՝ Սամվել Հարոյան, «Ամենայն հայոց բանաստեղծը»