Աշխարհի երեք միջուկային տերությունները պատրաստվո՞ւմ են․․․

ԱՄՆ-ը խելագարի քայլեր է ձեռնարկում: Վաշինգտոնում գրեթե բացահայտորեն պահանջում են հավելյալ գումարներ «Ռուսաստանի և Չինաստանի դեմ»: Պենտագոնը հրապարակել է մի քարտեզ, որում ներկայացված են «ռազմական գործողությունների հսկայական մասշտաբներ» և Ռուսաստանի ՌԾՆ ու Չինաստանի ՌԾՈՒ ակտիվության գոտիները, ինչպես նաև ստորջրյա հաղորդակցման մալուխների տեղակայման վայրերը: Ամերիկյան «The Drive» պորտալը փետրվարի 10-ին շեշտել է, որ անցած շաբաթ ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաներից մեկն ասել է, որ ռուսական սուզանավերի հայտնվելը վերածվել է այնպիսի լուրջ խնդրի, որ ԱՄՆ հրամանատարությունն այլևս իր երկրի արևելյան ափերը չի դիտարկում որպես «անհերքելի» և երաշխավորված «ապահով ապաստան» ճգնաժամի դեպքում: Նշվում է, որ այս քարտեզն ընկել է անվտանգության նոր և զարգացող սպառնալիքներին նվիրված բաժին, որոնք ստացվում են այնպիսի «խոշոր մրցակիցների» կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը:

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում ծովային նավարկության մասշտաբները քառապատկվել են: Աշխարհում արտադրվող բոլոր ապրանքների 90%-ը տեղափոխվում է ծովային ճանապարհով, իսկ այսօր հյուսիսում հայտնվում են նոր առևտրային ուղիներ: Համացանցը և տրիլիոն դոլարների առևտուրը գրեթե ամբողջությամբ այսօր կախված է ստորջրյա մալուխների գրեթե անպաշտպան ցանցից»,- նշվում է Պենտագոնի փաստաթղթում, որը հրապարակվել է 2021 ֆինանսական տարում բյուջեի հարցման շրջանակներում: Այնտեղ նաև նշվում է, որ «ընդհանուր առմամբ, այս ծովային համակարգն այսօր ավելի ինտենսիվորեն է օգտագործվում, ավելի շատ է ծանրաբեռնվում և ենթակա է ավելի ինտենսիվ մրցակցության, քան երբևէ»: Բայց չնայած այս քարտեզում չի նշվում, թե որ ժամանակահատվածն է այն ընդգրկում, կոնկրետ որտեղ և ինչպիսի նավեր էին գտնվում, այն հաստատում է Միացյալ Նահանգների հարավ-արևելյան ափերին, ինչպես նաև Հյուսիսատլանտյան օվկիանոսում և Կարիբյան ծովում Ռուսաստանի ՌԾՆ ակտիվության փաստը վերջին մի քանի տարիների ընթացքում: Քարտեզում լայնածավալ գործողություններ են ներկայացված նաև Արկտիկայի տարածաշրջանում, որը հետզհետե էլ ավելի ռազմավարական նշանակություն է ձեռք բերում:

Ինչպես ցույց է տրված ԱՄՆ Պենտագոնի քարտեզի վրա, ռուսական ռազմանավերը անցնում են նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում տարանցիկ ուղիներով: Գույություն ունի մեկ հիմնական երթուղի Պորտուգալիայի և Իսպանիայի ափամերձ ջրերի ու ԱՄՆ-ի և Կարիբյան ծովի հարավ-արևելյան ափերի միջև, որն անցնում է Կուբայի շուրջ, ինչպես նաև երթուղիներ՝ տեղակայված Ատլանտիկայի հյուսիսից մինչև Հարավային Ամերիկայի հյուսիսային ափեր և Աֆրիկայում Գվինեական ծոցի ու Բրազիլիայի հյուսիսարևելյան ծայրամասի միջև: «The Drive»-ը գրում է, որ ռուսական ռազմանավերի ակտիվության խտությունը Միացյալ Նահանգներում, և անգամ Ռուսաստանի սեփական ափերին, առավել ցայտուն է՝ համեմատած Հարավային Չինաստանի ծովում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան այլ մասերում չինական ռազմածովային գործողությունների խտության հետ: Համաձայն այս քարտեզի՝ չինական նավերը ներկա են Չուկոտի ծովում, այսինքն՝ Ռուսաստանի հեռավոր Արևելքի շրջաններից դեպի հյուսիս: «Համաշխարհային ասպարեզում մեր մրցակիցները շարունակում են ավելացնել իրենց ռազմածովային ուժերը, ընդլայնել իրենց գործողությունների իրականացման գոտիները և համագործակցել միմյանց հետ: Մենք պետք է շատ ավելի պաշտպանվենք ուժեղացող ծովային հակառակորդներից, որոնք շուտով կվիճարկեն մեր տնտեսական անվտանգությունն ու առհասարակ մեր ապրելակերպը»,- ասվում է Պենտագոնի զեկույցում, որը կցված է բյուջեի հարցմանը:

Պենտագոնի կողմից վերջերս հրապարակված այս քարտեզը մեզ հնարավորություն է տալիս ուշադիր ուսումնասիրել այն մարտահրավերների մասշտաբները, որոնք հետագայում միայն զարգանալու են: Բայց, միևնույն ժամանակ, այն աշխարհին հասկացնել է տալիս, որ Վաշինգտոնը ջանասիրաբար պատրաստվում է… Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմին, քանի որ Պենտագոնի զեկույցը ֆինանսավորողներից լրացուցիչ միջոցներ է պահանջում՝ վկայակոչելով այն փաստը, որ Ռուսաստանն ու Չինաստանը «ընդլայնում են համագործակցությունը միմյանց հետ»: Մենք գրել էինք, որ դեկտեմբերին ՆԱՏՕ-ում ահազանգ էր հնչում այն ​​պատճառով, որ 2019-ին ռուսական սուզանավերի գործունեությունը հասել է ամենաբարձր մակարդակին՝ Սառը պատերազմի ավարտից հետո: Որպես «պատասխան միջոցառումներից մեկը»՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորել է ուժեղացնել պարեկային զորքերը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն ձգտում է ավելացնել ներդրումները ժամանակակից միջոցներով օդից սուզանավերին հակահարված տալու համար: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Հյուսիսային Ատլանտիկան կենսական նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար այն պատճառով, որ դրանով անցնում են ռազմական մատակարարման, քաղաքացիական առևտրի, ինչպես նաև հաղորդակցական ուղիները:

Տեղին է Հայաստանի քաղաքացիներին հիշեցնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը ոչ պակաս հիմք ունեն կասկածելու ՆԱՏՕ-ի երկրներին՝ ՌԴ սահմանների և Չինաստանի ափերի մոտ աննախադեպ ակտիվ թշնամական գործունեության մեջ: Անցած տարի գրանցվել են ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների՝ Ռուսաստանի Դաշնության արևմտյան սահմաններին մոտենալու մի քանի դեպքեր՝ ռուսական ռազմակայանների միջուկային ռմբակոծության ուսումնական վարժանքների շրջանակներում։ Նաև արձանագրվել են կրկնվող վտանգավոր «մանյովրներ» չինական ծովերում:

Սերգեյ Շաքարյանց