Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է Թեհրանի և Երևանի միջև կայուն հարաբերությունների մասին

Իրանը և Հայաստանը մշակութային մոտիկության շնորհիվ ունեն կայուն քաղաքական և տնտեսական հարաբերություններ: «Իրնա» գործակալության տեղեկացմամբ, այս մասին երեքշաբթի նշել է Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ Թեհրանում հայ համայնքի 3-րդ գեղարվեստական ցուցահանդեսի բացման ժամանակ:

Աշխարհահռչակ իրանահայ երաժիշտ Լորիս Ճգնավորյանն այդ արարողության ընթացքում քննադատել է իրանահայության համար «փոքրամասնություն» տերմինի օգտագործումը և նշել է, որ հայերը միշտ էլ եղել են Իրանի մաս՝ Կյուրոս Մեծի ժամանակներից ի վեր:

Նա ավելացրել է, որ Սասանյանների և Պարթևական թագավորության ժամանակ հայերը կրոնական պատճառով առանձնացված էին Իրանից: «Բայց մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք»,- շեշտել է նա:

Այս արարողության ժամանակ Թեհրանի հայոց արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը շնորհավորել է Իրանում իսլամական հեղափոխության տարած հաղթանակի 41-րդ տարեդարձը և ավելացրել է, որ արվեստը մարդասիրական իրականություն է երկրների սահմաններից դուրս։