Սիրիայի ամեն թիզ հողը վերադարձնելու ենք․ Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրել է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները:

Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու միայն սկիզբն է:

«Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն թիզ հողը վերադարձնելու ենք»,- ասել է Ասադը:

Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք: