Ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ ունենք և՛ սպայական կազմի պաշտոններից հեռացումներ, և՛ զորացրումներ․ Արտակ Դավթյան

«Կլինեն կադրային փոփոխություններ, որի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկություն: Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը՝ մենք պարտավոր ենք կատարել»,-լրագրողների հետ համդիպմանն ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով կադրային փոփոխություններին:

Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին Արտակ Դավթյանն ասաց, որ կա օրենք, որի առաջ հավասար են բոլորը, իսկ մեղավորները կորոշվեն դատարանի դատավճռով: «Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում և ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և՛ սպայական կազմի պաշտոններից հեռացումներ, և՛ զորացրումներ»,- ասաց նա և նշեց, որ եղել են նաև խրախուսումներ` ինքնասպանության դեպքերը կանխելու համար: Անցած տարվա հունիսից սկսած՝ ինքնասպանության ութ դեպք է կանխվել:

Հարցին, թե կա՞ն քրեական ենթամշակույթի դրսևորումներ բանակում՝ Արտակ Դավթյանն ասաց, որ դրա պատասխանը պետք է տրվի քրեական գործի շրջանակներում: «Ինչ-որ մենք պատկերացնում ենք, որոշ էլեմենտներ, իհարկե, բանակում կան, ինչպես հասարակության մեջ: Չի կարող հասարակության մեջ որևէ բան լինել, իսկ բանակում՝ ոչ»,- ասաց նա, և նշեց, որ այս առումով բավականին աշխատելու դաշտ ունենք:

Չհաղորդելով այլ մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց, որ այնտեղ, ուր ի հայտ են գալիս բացթողումներ, շրջաբերականով շաբաթը մեկ անգամ հրամանատարական կազմին ներկայացնում են դեպքի նկարագիրը և ծնող պատճառները:

Նա նաև նշեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ենթարկվում է ՀՀ պաշտպանության նախարարին և որևէ տարաձայնություններ չկան: