Ապրիլի 5-ի հանրաքվեն անընդունելի է բարոյական, իրավական և գործնական առումներով

Քարոզչական շտաբի առաջին հայտարարությունը

Ինչո՞ւ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն

ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված և ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը:

Հանրաքվեն միաժամանակ անընդունելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առումներով:

Ապրիլի 5-ը անընդունելի է բարոյական առումով
Բարոյական առումով հանրաքվեն անհեռանկար է, որովհետև այն ծառայում է սպիտակների և սևերի պայքարի մանր հաշիվներին: Այսպես կոչված՝ սևերից սահմանադրական դատարանը վերցնելով՝ այսպես կոչված՝ սպիտակները ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների վրա: Նման գործելաոճը բարոյապես անընդունելի է, և հետևում է ամբողջատիրական սովորույթներին՝ Սահմանադրությունը ծառայեցնելու իշխող վարչախմբին: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը տապալվեց Սահմանադրությունը ժողովրդի դեմ օգտագործելու արդյունքում:

Ապրիլի 5-ը անընդունելի է իրավական առումով
Ըստ ՀՀ Սահմանադրության պահանջների, Սահմանադրության փոփոխության իրավական ակտերի նախագծերը Ազգային Ժողովը ներկայացնում է սահմանադրական դատարանի հաստատմանը: Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):

Ապրիլի 5-ը անընդունելի է գործնական առումով. այն աշխարհաքաղաքական և սոցիալական նման իրավիճակում խոցելի է դարձնում մեր երկիրը ներսից և դրսից:

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովին, Կառավարությանն ու Նախագահին՝ հետ կանգնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու սխալ ճանապարհից:

ՀՀ քաղաքացիներին՝ բռնել պետականության, իրավականության, ժողովրդավարության և համերաշխության ճանապարհը, բոյկոտել ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

ԿԱՄՔ

Երևան, «17» փետրվար, 2020թ.