Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում

ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ փետրվարի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:

«Արցախպրես»-ի տեղեկացմամբ, ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության անդամ Վահագն Խաչատրյանն ասել է, որ միջոցառման ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան գիրք նվիրաբերելու «Գրքի բանկին», որտեղ հավաքված ամբողջ գրքերը, որպես նվիրատվություն, փոխանցվելու են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցի գրադարանին:

«Ակնկալում ենք մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: Գրքահավաքը կշարունակվի մինչև մարտի 1-ը: Պետք է նշեմ, որ «Գրքի բանկին» նվիրատվություն առաջին անգամ եղել է 2018 թվականին: Այն ժամանակ մոտ 1800 կտոր գիրք նվիրել ենք Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի դպրոցի գրադարանին: Ինչ վերաբերում է այս տարի Աղավնո գյուղի դպրոցին նվիրատվությանը, ապա նշեմ, որ ընտրվում են բացառապես վերաբնակեցված շրջանները: Բոլոր դպրոցներն էլ քիչ թե շատ ապահովված են գրքերով, բայց մենք շեշտը դնում ենք ժամանակակից գրականությամբ այդ գրադարանները համալրելու վրա: Ծրագրով նախատեսված է նաև նոր հրապարակված գրքերի ձեռքբերում, և, խորհրդակցելով դպրոցի տնօրենի հետ, ըստ անհրաժեշտության նոր տպագրված գրքեր էլ ենք գնելու»,- մանրամասնել է Վ. Խաչատրյանը: