Օտարամոլությամբ տարված՝ հեռանո՞ւմ ենք մեր ազգային տոներից

Վերջին տարիներին մեզանում հաճախ են նշվում այնպիսի տոներ, որոնք իրականում ոչ մի առնչություն չունեն մեր ավանդույթների, մեր ազգային մտածողության հետ։ Ու մենք էլ, օտարամոլությամբ տարված, մեծ ոգևորությամբ նշում ենք այդ տոները, մոռանալով, որ հայերս ունենք մեր սեփականը՝ ազգային, եկեղեցական մեր հրաշալի տոները։

Վերջին տարիներին օտար տոներից երկուսը՝  Վալենտինի օրն ու «Հելոյինը» հախուռն իրենց արմատներն են ձգել մեզանում։ Արևմտյան մշակույթի այդ մասնիկները, ցավոք, դարձել են գերիշխող ու փորձում են իրենց գոյությամբ դուրս մղել մեր ազգայինը։

Հայ երիտասարդներն այսօր «Հելոյինի» օրվա առիթով մասնակցում են ինչ-որ անհասկանալի միջոցառումների, խրախճանքների։ Ու եթե հարցնես, ո՞րն է տոնի խորհուրդը, ոչինչ ասել չեն կարողանա, փոխարենը, այդ տոն կոչվածը փաթաթել են մեր ժողովրդի վզին, ու մենք գրկաբաց ընդունել ենք այն:

Մի կողմից դրան նպաստում է արևմտյան արժեքների տարածման հստակ միտումը, մյուս կողմից, իր վատ գործն են անում բիզնեսմենները, որոնք իրենց շահույթով տարված, շուկան լցնում են օտարածին մշակույթ քարոզող նվերներով՝ կոնֆետները, բացիկները, ծաղիկները, բոլորը այս օրերին Վալենտինի պատկերներով են։

Բայց նկատենք նաև, որ այս ամենն սկսել է անհանգստացնել մեր ժողովրդին, և դա լավ է։ Այս օրերին հաճախ ենք լսում այն մասին, թե ունենք սիրահարների մեր տոնը, և դա բոլորիս սիրելի ազգային, եկեղեցական տոնն է՝  Սուրբ Սարգսի օրը, ուրեմն ինչի՞ համար ենք նշում օտարի՝ Վալենտինի օրը, ինչո՞ւ ենք փորձում նմանակել արևմտյանը։

Ի դեպ, Սուրբ Վալենտինի օրվա մասին հայերս իմացանք վերջին տարիներին։ Ու մի պահ եղավ այնպես, որ Սուրբ Սարգսի տոնը հայ երիտասարդների համար ավելի  պակաս հետաքրքիր դարձավ,  քան Վալենտինի տոնը։ Մեր ազգային, եկեղեցական տոնը առաջնային դարձնելու, հայ երիտասարդին իր մշակութային արժեքներին ամուր կառչած պահելու համար մեծ աշխատանք կատարեց  Հայ Առաքելական սուրբ եկեղեցին․  2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը մեր Եկեղեցու ջանքերով  ավելի մասսայական դարձավ։ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կարգադրությամբ Սուրբ Զորավար Սարգսի տոնը հռչակվեց Նորապսակների օրհնության օր։

Բարեբախտաբար, տոնն ամրապնդել է իր դիրքերն ու սիրվել երիտասարդների շրջանում։

Նկատենք, որ ամեն ազգային տոն իր խորհուրդն ունի, այդպիսին է նաև Սուրբ Սարգսի տոնը։ Վերհիշենք այդ խորհուրդը։

Տոնի անվանումը տրվել է 285-337 թթ. ապրած Սուրբ Սարգսի պատվին, որը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: Բյուզանդական կայսր Կոնստանտինը արիության համար շնորհել էր նրան իշխանի տիտղոս և նշանակել Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի հրամանատար: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ Սուրբ Սարգիսը լքեց կայսրությունը և ապաստան գտավ քրիստոնեական Հայաստանում։ Երբ պարսից Շապուհ արքան պահանջեց նրանից կրակի երկրպագություն կատարել և զոհեր մատուցել, սուրբը հրաժարվեց և քանդեց զոհասեղանը։ Դրա համար նրան բանտարկեցին, իսկ ավելի ուշ, չկարողանալով կոտրել նրա կամքը և հասնել նրա կողմից հավատուրացության, գլխատեցին։ Զոհվելուց հետո Սուրբ Սարգսի մարմինը սկսել է շողարձակել։

Հայոց գրերի հեղինակ և լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը Սարգսի մասունքը բերեց Հայաստան, որտեղ ավելի ուշ նրա պատվին եկեղեցի կառուցվեց։

Հարկավոր է չմոռանալ, որ օտար տոներն իրենց հետ բերում ու մեզանում արմատավորում են օտարածին, հաճախ նաև խիստ վտանգավոր մտածողություն, «արժեքներ»։ Հիշեցնենք, որ դրանց անվան տակ  Հայաստան են ներթափանցել  այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ էմոները, գոթերը: Մեկ հիշեցում ևս՝ Էմոյի գլխավոր գաղափարներից մեկը ինքնասպան լինելը կամ ինքնասպանության փորձ կատարելն է, և այս երևութը, թերևս մտածված տարածվում է դեռահասների շրջանում։

Այն համոզման ենք, որ  պայքարը օտար,  կասկածելի «արժեքների» դեմ պետք է լինի նախ և առաջ պետական մակարդակով։