Ես չեմ կարող ադրբեջանական ժողովրդի անունից ինչ-որ բան պատասխանել․ Դավիթ Բաբայան

Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիա, որտեղ հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերող հարցեր:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին, նշել է․ «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա»։

Վարչապետի պատասխանին LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, նշելով․ «Վարչապետի ելույթը լավ եմ գնահատում, նա նշեց այն ամենը, ինչի մասին պաշտոնական Ստեփանակերտն է պարբերաբար բարձրաձայնում։ Ադրբեջանի վարած ռևանշիստական, նացիստական, ֆաշիստական քաղաքականությունն անընդունելի է և ամենամեծ խոչընդոտն է։

Մեզ համար ամենակարևորը անվտանգության խնդիրն է, և Արցախի անվտանգությունը չի կարող որևէ կարգավորման սցենարով թուլանալ։ Եթե այդպիսի քայլ կատարվի, ապա այն կլինի կործանարար ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար, և այս մասին ՀՀ վարչապետը բարձրաձայնեց Գերմանիայում, ինչը կարծում եմ՝ ճիշտ էր»,- նշեց Բաբայանը։

Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ  վերջին մեկ ու կես տարիներին շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր մակարդակի է հասել, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հաստատեց՝  նշելով․ «Գիտեք, դա այդպես է, խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազմանը, մենք դա միշտ ողջունել ենք և ասել ենք, որ սա շատ կարևոր  է, և այն Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածության հետևանք է, բայց միաժամանակ նշում ենք, որ սրանով թերի է ընթանում պատկերը, վերլուծությունը»։ Նախագահի մամուլի խոսնակը շեշտեց․«Այո, խախտումները նվազել  են, սակայն Ադրբեջանը զուգահեռաբար իրականացնում է շատ ակտիվ բանակաշինական աշխատանքներ՝ սպառազինություն է գնում, Թուրքիայի հետ տասնյակ զորավարժություններ է անցկացնում»։

Անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ մեր զրուցակիցն արեց հետևյալ նկատառումը, որ նույնիսկ սպորտում Ադրբեջանն իրեն ֆաշիստաբար է դրսևորում․ երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորեցին ադրբեջանցիները, մեջքով թեքվեցին Հայաստանի օրհներգի ժամանակ։ Այս ամենը ցույց է տալիս Ադրբեջանում հայատյացության, նացիզմի խորքը։ Մենք իրավունք չունենք չնկատել այս ամենը։

«Իրավիճակը սահմանում ավելի կայուն  է, զինադադարի ռեժիմի խախտումները կտրուկ նվազել են, բայց  միևնույն ժամանակ հակառակորդը չի վերանայել իր մոտեցումները, երազանքներն ու ցանկությունները»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական քաղաքական շրջանակները վարչապետ Փաշինյանին համարում են ժողովրդավար գործիչ, ինչո՞վ է վաստակել նա այդ անունը, LIVEnews.am-ի հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը նշեց․ «Երևի այդ ժողովրդավարական հեղափոխությամբ և այլն, ինչ ասեմ, ես չեմ կարող ադրբեջանական ժողովրդի անունից  ինչ-որ բան պատասխանել»։

Լուսինե Այրապետյան