Արմեն Սարգսյանն իր քաղաքական դագաղի վերջին մեխը խփել է արդեն, թեև քաղհոգեհանգիստը մի քիչ երկար է լինելու, բայց հուղարկավորությունն առջևում է (տեսանյութ)

Ձևական նախագահի քաղաքական հուղարկավորությունը պաշտոնանկության, թերևս նաև դատավարության տեսքով է լինելու:

Ասված է շատ հստակ` Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության ծառայությունն իրականացնում է նաև Հայաստանում չորս ամենաբարձրաստիճան պաշտոնյաների պահպանությունը, մինչդեռ այդ չորսն էլ, ըստ էության, աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ: «Հայելի» մամուլի ակումբում ս. թ. հունվարի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնելով այս մասին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասել է.

«Ընդ որում, նրանցից երկուսը ուղղակի սպասարկում են Ադրբեջանի շահերը: Մյուսները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, համենայն դեպս, Հայաստանի Հանրապետությանը հասցնում են բավական լուրջ վնաս: Խոսքս Հայաստանի Հանրապետության (հիմա դիակ կասենք…) գոյություն չունեցող նախագահ Արմեն Սարգսյանի մասին է, որին մեր պետությունը փող է ծախսում` պահպանելու համար, և նա ներկայացնում է Հայաստանը: Նա Հայաստան պետության գլուխն է համարվում, Հայաստանի Սահմանադրության պահապանն է համարվում, բայց նրա հիմնական շահերը, ընդ որում, տնտեսական, «British Petroleum»-ի միջոցով գտնվում են Բաքվում: Այսինքն` Բաքուն է նրա հիմնական շահութաբերության աղբյուրը: Հայաստանի Հանրապետության նախագահը, բնականաբար, այդ առումով գտնվում է բավականին լուրջ կախվածության մեջ Բաքվից»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը նույն ասուլիսի ընթացքում տեղեկացրել է նաև, որ Ղազախստանում մեկ շաբաթ գտնվելու ընթացքում Արմեն Սարգսյանի հետ, ըստ որոշ աղբյուրների, առնվազն երեք անգամ հանդիպել են Ադրբեջանի հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Այդ մասին արդյոք ինքը զեկուցե՞լ է Հայաստանի Հանրապետության վարչապետին, թե չէ… Ի՞նչ էր անում մեկ շաբաթ Ղազախստանում»,- հարցրել է Գառնիկ Իսագուլյանը և նշել, որ ՀՀ նախագահը սպասարկում է Ադրբեջանի շահերը, իսկ մենք ֆինանսներ ենք ծախսում նրա անվտանգությունը պահպանելու համար:

Ավելի վաղ, դեռ անցյալ տարվա հոկտեմբերին նույն մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասել էր:

«Նիկոլ Փաշինյանից ավելի վտանգավոր է Հայաստանի Հանրապետության հանգուցյալ նախագահ Արմեն Սարգսյանը… Այդ մարդը ավելի վտանգավոր է ու ավելի ոճրագործություններ է կատարում, քան այսօր Նիկոլ Փաշինյանը»:

Եվս մեկ մեջբերում հիշյալ ասուլիսում Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունից. «Հիշեք` թիվ մեկ մեղավորը Արմեն Սարգսյանն է` հանգուցյալ նախագահը, որն իր անգործությամբ երկիրը մատնել է քաոսի, երկրորդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»:

2018 թ. ապրիլի 6-ին, երբ «թավշյա հեղափոխություն» կոչվածը դեռ չէր եղել, Նիկոլ Փաշինյանը քայլարշավով Գյումրի- Երևան ճանապարհին էր, Փաշինյանի և Սարգսյանի հարաբերություններն էլ «շոկոլադային» չէին, ինչպես այժմ, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել է «Բիզնեսմեն Արմեն Սարգսյանը Աստանայում` իր գործերով» վերտառությամբ հոդվածը, որում նշված է.

«Պատասխանը շատ պարզ է՝ Արմեն Սարգսյանի այցը Ղազախստան խիստ մասնավոր է: Ավելի ճիշտ՝ խիստ գործնական: Ընդ որում, գործնական ոչ որպես «Հայաստանի ընտրված նախագահ», այլ գործնական՝ զուտ որպես բիզնեսմեն՝ խոշոր բիզնեսմեն:

Արմեն Սարգսյանին Ղազախստանի հետ կապում են մեծ գործեր: Հայտնի փաստ է, որ Արմեն Սարգսյանը շատ մտերիմ է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի եւ հատկապես նրա դստեր՝ Դարիգա Նազարբաեւի հետ:

Ըստ տեղական եւ արտասահմանյան մամուլի բազմաթիվ հրապարակումների, Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Ղազախստանում շատ մեծ են ու նշանակալից: Արմեն Սարգսյանի անունը, մեղմ ասած, կապվում է այդ երկրում նավթամթերքների, գազի, նույնիսկ մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ:

Ու հիմա հանգամանքները դնենք իրար կողքի: Արմեն Սարգսյանը Ղազախստանում ունի մեծ բիզնես շահեր, նա մի քանի օրով այցելում է Ղազախստան, այդ այցի մասին մի հաղորդագրություն է տարածվում, ըստ որի՝ նա մի քանի րոպեով հանդիպել է ղազախական հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հենց սրանից ակնհայտ է դառնում, որ Արմեն Սարգսյանը, որը «Հայաստանի ընտրված նախագահն է», Ղազախստան է մեկնել իր գործերով ու բացառապես իր գործերով: Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ամպագոռգոռ արտահայտություններով համեմված, բայց ոչինչ չասող, անբովանդակ հանդիպումը եղել է ընդամենը ձեռքի հետ կազմակերպված մի միջոցառում: «Հայաստանի ընտրված նախագահը», այսինքն, ակտիվորեն զբաղվում է իր սիրած գործով՝ բիզնեսով: Դրա իրավունքը ունի ցանկացած մարդ, բայց ոչ բարձրաստիճան պաշտոնյան: Իր գործունեությունը խիստ գաղտնի պահող Արմեն Սարգսյանը, բնականաբար, երբեք չի խոսի այն մասին, թե կոնկրետ ինչ բիզնես շահեր ունի, բնականաբար չենք իմանա, թե որքանով է նա կախման մեջ այդ շահերից, որն է նրա համար ավելի կարեւոր՝ Հայաստանի շահը, թե իր բիզնես շահերը:

Լինելով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, Արմեն Սարգսյանը, չունենալով դրա իրավունքը, ակտիվորեն զբաղվել է բիզնեսով եւ հսկայական կարողություն է դիզել: Դառնալով «Հայաստանի ընտրված նախագահ», նրա ներկայացուցչականությունը կտրուկ բարձրանում է, և կարելի է պատկերացնել, թե որքանով դա կօգնի նրան իր բիզնեսը նոր մակարդակների բարձրացնելու համար: Պարզապես մի միամիտ հարց է ծագում. ինչու պետք է ՀՀ քաղաքացիները հարկերի տեսքով տարեկան միլիարդավոր դրամներ վճարեն, որպեսզի բիզնեսմեն Արմեն Սարգսյանը ունենա հսկայական ու շքեղ նստավայր Երեւանում, հսկայական աշխատակազմ, ծառայողական մեքենաներ, կարողանա թանկարժեք շրջագայություններ իրականացնել աշխարհով մեկ…: Դե հարց է, էլի, ծագում է»:

Հիշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական ONGC և բրիտանական «British Petrolium» ընկերություններում ներդրումներ անող «Knighstbridge Group» ընկերության նախագահն է նաև (ապացույցը` լուսանկարում): «British Petrolium»-ը և ONGC-ը 2019թ. Ադրբեջանի գազի ամենամեծ պաշարներն ունեցող «Shah Deniz» («Շահ Դենիզ») օֆշորային գոտում ունեին համապատասխանաբար 28.8% և 2% բաժնեմասեր:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020թ. փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն հակասահմանադրական որոշումը և 09.02.2020 թ. իր հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելով, մասնակից դարձավ փաշինյանական իշխող վարչախմբի կողմից մեր հանրապետության սահմանադրական կարգի տապալման նախապատրաստությանը: Այսպիսով հիշյալ վարչախմբի կամակատար, ձևական նախագահ Արմեն Սարգսյանը խփեց իր քաղաքական դագաղի վերջին մեխը, թեև քաղաքական հոգեհանգիստը մի քիչ երկար է լինելու, բայց հուղարկավորությունն առջևում է: Ձևական նախագահի քաղաքական հուղարկավորությունը պաշտոնանկության, թերևս նաև դատավարության տեսքով է լինելու:

Ինչո՞ւ ենք Արմեն Սարգսյանին փաշինյանական իշխող վարչախմբի կամակատար ու ձևական նախագահ համարում: Միայն այդպիսին լինելու հանգամանքով կարելի է բացատրել Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի («Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները») իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի` «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը» չկատարումը, որը կատարելու և ԱԺ-ի հիշյալ հակասահմանադրական որոշումը Սահմանադրական դատարան ուղարկելու լիազորությունը, հնարավորությունը նա հաստատապես ուներ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով («Սահմանադրական դատարան դիմելը»), մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որի համաձայն, Սահմանադրական դատարան կարող է դիմել հանրապետության նախագահը՝ Սահմանադրության նաև 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում:

«Օտար թշնամու կան նրա կործանարար ծրագրերի իրագործման առջև Հայաստանի դարբասները լայնորեն բացված են,- նշել էինք դեռ 2019թ. սեպտեմբերի 19-ին հրապարակված մեր «Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, երկիրը ներսից փլուզելու, ոչնչացնելու գնդապետ Դանի և ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագրերը» վերտառությամբ հոդվածում:- Բացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը: Առանց համապատասխան հիմնավորումներ ունենալու, բնականաբար, այսպիսի պատասխանատու հայտարարություն չէինք անի»:

Եվս մեկ մեջբերում նույն հոդվածից.

«Դատելով ամենից, նախագահը, վարչապետը, Փաշինյանի կառավարությունը, բազմաթիվ անձինք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու վարչապետի շրջապատից, այդ թվում նաև` ԱԺ-ի մի շարք պատգամավորներ, եթե իրենք անմիջականորեն չեն իրագործում երկիրը ներսից փլուզելու, կործանելու գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը` շարադրված գնդապետի նոթերում, ինչպես նաև ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագիրը, ապա առնվազն լայնորեն բացել են Հայաստանի դարբասները նշված ծրագրերի իրագործման համար, և հետևաբար մեղսակից են օտար թշնամիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրականացվող այդ մեծագույն հանցագործությանը: Անգիտակցաբա՞ր են վարվում նրանք այդպես, թե գիտակցաբար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզելու խնդիրն է, թեև տրամաբանությունը հուշում է, որ երկրի ղեկավարներն անգիտակցաբար չէին կարող այդպես վարվել: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա վերջինս, անշուշտ, կպարզեր վերոնշյալը, եթե նորմալ պետություն լինեինք և ԱԱԾ-ն ծառայեր բացառապես մեր ազգային անվտանգությունն ապահովելուն»:

Մեզ, անշուշտ, հետաքրքրեց, թե անկախ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության կողմից Արմեն Սարգսյանի` Բաքվում տնտեսական շահեր ունենալը հերքելուց, ԱԱԾ-ն այդ և, հատկապես, Ղազախստանում Ադրբեջանի հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հանդիպումների վերաբերյալ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի հիշյալ հայտարարությունից հետո ընդհանրապե՞ս հետաքրքրվել է դրանով, փորձե՞լ է պարզել իրականությունը, ինչի համար, բնականաբար, նախևառաջ պետք է դիմեր հայտարարության հեղինակին, հրավիրեր նրան, փորձեր համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ ստանալ: Ինչպես տեղեկացանք Գառնիկ Իսագուլյանից, իր վերոնշյալ հայտարարության առնչությամբ իրեն ԱԱԾ-ից ընդհանրապես դիմող չի եղել, չի նեղել ոչ հրավեր, ոչ էլ նույնիսկ հեռախոսազանգ: Հերթական անգամ առաջանում է նույն հարցը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության «տանը» մարդ կա՞… Արմեն Սարգսյանի միայն նախագահ լինելը բավարա՞ր էր, որ ԱԱԾ-ն նրանով չզբաղվեր, թե նաև, ասենք, մասոն է…

Իրականում ո՞վ է, ամենից զատ, երեխաների հետ պաղպաղակ ուտելով, բուրգերներ սարքելով ու պարելով հայտնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս հարցին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:

Արթուր Հովհաննիսյան