Նորակոչիկները Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ զինվորական երդում են տվել

Փետրվարի 12-ին Մարտունի քաղաքում Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ անց է կացվել հանդիսավոր միջոցառում` նվիրված հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների հանդիսավոր երդմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին, նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար, իսկ երդման խորհրդանշական վայրն ավելի կամրապնդի նրանց հայրենասիրական ոգին և կնպաստի նրանց հետագա ծառայության ընթացքին:

Հանդիսավոր երդման արարողությանը ելույթ ունեցան նաև բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկներն ու նրանց հարազատները: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը:

Նորակոչիկները խորհրդանշական վայրում իրենց հրամանատարների և ծնողների առջև երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: