Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ ներկայիս իրավիճակին, հանցավորությանը (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ոստիկանության բարեփոխման ռազմավարության հարցին, մասնավորապես հիմնաքարային փոփոխությանը, այն է՝ ոստիկանության վերափոխումը ներքին գործերի նախարարության՝ ընդգծեց, որ բազմիցս խոսել է ոստիկանության մասին, ասելով որ այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ ներկայիս իրավիճակին, հանցավորությանը, որովհետև ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը, որն անհրաժեշտ է իր առջև դրած խնդիրները լուծելու համար։ «Այս ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է, մեծ ծավալի աշխատանք է կատարված և այս ռազմավարության իրականացմանն ուղղված քայլերով ոստիկանությունը կգա մի այնպիսի իրավիճակի, երբ կլինի համարժեք հանցավորությանը, կլինի տեխնիկապես զինված, և այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան ոստիկանություն կունենանք, կբարձրանա ոստիկանության իմիջը՝ օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության այդ իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող և հարգանք վայելող ոստիկանի կերպարով»,- նշեց բանախոսը։

Տեղի են ունենալու մի շարք կառուցվածքային փոփոխություններ՝ պարեկային ոստիկանություն կստեղծվի, օպերատիվ կենտրոն, քրեական ոստիկանությունում կիրականացվեն որոշակի բարեփոխումներ։ Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը կազմվել է բավականին լուրջ ուսումնասիրությունների արդյունքում, գրեթե 2-2,5 տարի շարունակ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաև Վրաստանի։ 2020-2022 թթ․ նախատեսված է բարեփոխումների ավարտը։ Ըստ բանախոսի՝ մարմինը դառնալու է նախարարություն, նախարարի պաշտոնը լինելու է քաղաքացիական։ Ոստիկանության պետը նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի ներկայացմամբ, սակայն կունենա որոշակի ինքնուրույնություն, նախարարը պատասխանատու է վարչապետի առջև, քանի որ իր ենթակայության տակ է, և հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին՝ ապահովելով թափանցիկությունը։

Հարցին ի պատասխան, թե մարդկային ռեսուրսի առումով փոփոխություններ արվելու են, թե ոչ, Ա․ խաչատրյանը նշեց․ «Ես հակված եմ այն տեսակետին, որ պարեկային ոստիկանությունում պետք է հավաքագրվեն այն անձինք, որոնք խստորեն կհամապատասխանեն այն պայմաններին, որ անհրաժեշտ են։ Պետք է լինեն ազնիվ, պետք է լինեն համապատասխան մասնագիտության տեր մարդիկ, պետք է լինեն լեզուների իմացությամբ մարդիկ, պետք է ֆիզիկական տվյալները համապատասխանեն՝ սկսած արտաքին տեսքից։ Պարեկային ոստիկանության ձևավորումով՝ մենք կբարձրացնենք Հայաստանի Հանրապետության իմիջը, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում