Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի երկու կորուստ․ «Ռազմինֆո»

Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող 2001թ․ ծնված Աբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈՒ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել։

[Թարմացում] Ադրբեջանի ՊՆ-ն «Արմիյա.ազ» լրատվակայքին հաստատել է ՌՕՈՒ մայոր Ռեշադ Աքբերովի մահվան մասին լուրը:

Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում։

Նշվում է, որ Աբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբասովի մահվան հանգամանքները մնում են անհայտ։

ՌՕՈՒ զորային ավիացիայի մայոր, Ադրբեջանի Սիյազանի շրջանի բնակիչ Ռեշադ Աքբերովը մահացել է սրտի կաթվածից՝ փետրվարի 11-ին:

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս «Ռազմինֆոյին» բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 7 կորուստ։