Փաշինյանը հանրաքվեում պարտվելու է, մի՛ ստեղծեք «ոչ»-ի շտաբ, թողեք նա հավաքի իր ճամպրուկները (տեսանյութ)

Հայաստանը թևակոխում է քաղաքական գործընթացների նոր փուլ. երկրում կրկին ընտրական մթնոլորտ է. պատրաստվում ենք հանրաքվեի։ Որոշվել է՝ փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը հանրաքվեի քարոզարշավի օրերն են: Այսօր փետրվարի 12-ն է, բայց իշխանությունն արդեն սկսել է «այո»-ի քարոզարշավը: Իմքայլականների ու վարչապետի հնչեցրած ելույթներից տպավորություն ես ստանում, որ այս երկու ամիսներին ատելության քարոզը հասցվելու է բարձրակետին՝ թաթիկները կտրելը, վզներից բռնած պադվալներից հանելը, մարդակերների թեման մի նոր մակարդակով է մատուցվելու, յուրայինների-ոչյուրայինների բաժանարար գծերն ավելի են խորացվելու:

Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ-ի խնդիրն այսքան կարևորվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, անգամ նախընտրեց ժողովրդին հանել հանրաքվեի: Ի՞նչ վտանգավոր գործընթացներ են իրականում թաքնված ՍԴ-ի դեմ ուղղված պայքարի հետնաբեմում։ Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց․

«Փաշինյանը նպատակ ունի ինչ-որ պրոյեկտներ իրականացնել, որոնք կարող են այս ՍԴ-ի կողմից չընդունվել, դրա համար ուզում է ունենալ իր գրպանային ՍԴ-ն։ Առաջին ու հայտնի գործընթացը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումն է։ Շուտով Վենետիկից կգա այդ փաստաթուղթը ու կմտնի ՍԴ, համոզված են, որ ՍԴ-ի այս կազմը չի վավերացնի այդ փաստաթուղթը։ Քանի որ այն հակասում է մեր Սահմանադրությանը»։

Բայց սա միակ հարցը չէ, որի համար մեծ կռիվ է տալիս Փաշինյանը․ երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Մադաթյանի, Արցախն է։

Իշխանությունը խնդիր է դրել ամեն կերպ հաղթել և հանրաքվեի օրը ժողովրդից ստանալ «այո»-ի քվեն, իսկ դրան հասնելու գործիքակազմը դարձյալ նույնն է՝ ատելության քարոզը։ Հարցին, չե՞ք կարծում, որ 2018-ի իշխանափոխության տրամադրությունները կրկնապատկվելու են, ունենալու ենք առավել լարված ներքին մթնոլորտ, «սև»-ի ու «սպիտակ»-ի հակադրումը կարող է հասնել սարսափելի աստիճանի, ըստ Մադաթյանի՝ այդպես էլ լինելու է։

«Փաշինյանն իշխանության եկավ խաբեությամբ, ստով, ինչին հավատացին նաև սփյուռքի մեր հայրենակիցները, մարդիկ, որոնք ուզում էին տեսնել փոփոխություններ։ Իսկ այսօր այս իշխանությունը պահպանվում է մեկ կոմպոնենտի վրա, դա «սպիտակ»-ի ու «սև»-ի հակադրումն է, նա խաղում է ժողովրդի միամտության վրա»։

Ըստ քաղաքական հոգեբանի, Փաշինյանը քանի գնում՝ իր ատելության խոսքը հասունացնում է։ «Նա գիտի, որ այս խաղը պարտվել է ու ամեն կերպ փորձում է փրկել իրավիճակը։ Դրա համար նման ամպագոռգոռ ատելության խոսքեր է հնչեցնում ԱԺ ամբիոնից, ու դա ուղղված է իր թիմակիցներին, որպեսզի ոգևորի նրանց»։

Իրականում այս հանրաքվեն նախկիններին հետաքրքիր չէ, ասում է Մադաթյանը․«Եվ դա իրենք ցույց են տալիս՝ չկազմելով «ոչ»-ի շտաբ, և ճիշտ են անում։ Իշխանությունն ուզում է, որ գործի «ոչ»-ի շտաբը։ Բայց եթե այն բացվի, ապա քաղաքական ուժերը կխաղան Փաշինյանի խաղը։ Իսկ նա այս խաղում պարտվելու է»։

Միհրդատ Մադաթյանը համոզված է՝ ապրիլի 6-ին այլ իրավիճակ է լինելու։

Մանրամասները դիտեք տեսանյութում։