Ամերիկյան երկու ստանդարտները

Վիկիլիքսյան գաղտնազերծված տվյալների վերջին հրապարակումները բացահայտում էին ամերիկյան կողմի էական ջանքերը Հայաստանում Մարտի 1-ի դատավարությունների հարցում։ 2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։

Մեծ հաշվով, 2008-2010 թթ., ամերիկացիներն ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրել ՀՀ իշխանությունների վրա նախ և առաջ Մարտի 1-ի քրեական գործերով։ Ամերիկյան դիվանագետներին խիստ մտահոգել է այդ դատավարությունները՝ կասկածի տակ դնելով դրանց արդար և վստահելի քննությունը, հանրային ռադիոյի և հեռուստաընկերության միջոցով միայն իշխանամետ կողմնակալ տեղեկատվության տարածումը, «կասկածելի քաղաքական մեղադրանքներով» ձերբակալությունները։

Ըստ վիկիլիքսյան հրապարակումների՝ քաղաքական ճնշման մեխանիզմներն ամենատարբեր դրսևորումներն են ունեցել ՝ սկսած Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործունեության կասեցումից մինչև ամերիկյան տարբեր պետական պաշտոնյաների այցելություններ և հաղորդագրություններ, և վերաբերել են հավասարապես և՛իշխանությանը, և՛ ընդդիմությանը։ Ամերիկյան կողմը դա արել է թե՛ պաշտոնական Վաշինգտոնի խողովակներով, թե՛ ԵՄ և միջազգային կառույցների միջոցով։

Արդյունավետ էր, արդյոք, այդ մոտեցումը, թերևս՝ այո։ Քանի որ ամերիկյան կողմը հսկայական ջանքեր է գործադրել իշխանության և ընդդիմության երկխոսության, մարտիմեկյան իրադարձություններից հետո երկրում ձևավորված խիստ լարված մթնոլորտի լիցքաթափման, քաղաքացիական հասարակության կայացման համար։ Եվ շատ դեպքերում այդ քայլերն իսկապես տվել են իրենց դրական արդյունքը։ Եվ պետք է ընդունել նաև Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների պատրաստակամությունը՝ քննարկումների միջոցով գտնել ընդունելի լուծումներ, վրեժխնդրության փոխարեն առաջնորդվել մթնոլորտը հանդարտացնելու պահանջով։

Ամերիկյան դիվանագետները զգալի ջանքեր են գործադրել հատկապես հայտնի «Յոթի գործով» և այլ քրեական գործերով ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու նպատակով՝ հիմնականում համագործակցելով իրենց եվրոպացի գործընկերների հետ։ Այս գործերի շրջանակներում հատկապես ամերիկյան ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է եղել Հայաստանում լրացնել մի շարք օրենսդրական բացեր։ Խոսքը ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ, 300-րդ և 333-րդ հոդվածների մասին էր, որոնց հետ կապված ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց մտահոգությունները, մասնավորապես նշելով, որ դրանք մտահոգիչ կերպով անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը սահմանափակելու նպատակով։

Ամերիկյան և եվրոպական կառույցների ազդեցությունն ի վերջո հանգեցրեց օրենսդրական փոփոխության, մասնավորապես ԵԽ մասնագետների աջակցությամբ փոփոխվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածները։

Փաստելով, որ ամերիկյան կողմն իսկապես 2008-2010 թթ. նպաստել է դատավարությունների օրինականությանը, բանտարկյալների ազատ արձակմանը, քրեական օրենսգքրի հոդվածների փոփոխությանը և վերանայմանը, երկրում ավելի համերաշխ մթնոլորտի հաստատմանը, չենք կարող չարձանագրել ամերիկյան կողմի այսօրվա անհասկանալի լռությունը։

Եթե ԱՄՆ դիվանագետներն իրենց կազմած փաստաթղթերում հաճախ դժգոհություն էին հայտնում Հայաստանում իշխանության տարանջատման սկզբունքի խախտումների, օրենսդրությունում, դատական համակարգում առկա բացերի մասին, փորձում էին ճնշում գործադրել իշխանությունների վրա այդ խնդիրների լուծման ուղղությամբ, ապա այսօր աչք են փակում ՀՔԾ-ի և դատախազության ամենաթողության, Մարտի 1-ի քրեական գործի քննության ընթացքում տեղի ունեցող տարատեսակ խախտումների, քրեական գործերի քաղաքական ակնհայտ ուղղվածության, մեղադրանքի հիմքում դրվող քրեական օրենսգրքի նույնքան վիճահարույց և անորոշ հոդվածների, քրեական և դատական գործերին իշխանությունների ուղիղ միջամտության, ակնհայտ քաղաքական հետապնդումների, դատական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումների, դատավորների կառավարելիության, Հանրային հեռուստաընկերության ակնհայտ քաղաքականացման վրա։ Ցանկը կարելի է շարունակել։

Առավել քան տարօրինակ է ամերիկյան կողմի քար լռությունը Սահմանադրական Դատարանի և ՍԴ դատավորների նկատմամբ քաղաքական բացահայտ ճնշումների, հակասահմանադրական նախագծերի, սահմանադրության խախտմամբ հանրաքվեի նշանակման գործընթացների վերաբերյալ։

Եվ եթե նախկինում ամերիկացի դիվանագետները իրենց վարքագիծը պայմանավորում էին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցելու իրենց մտադրությամբ, ապա այդ նույն տրամաբանությամբ պետք է այսօր էլ ոչ միայն լուռ հետևեն ընթացող գործընթացներին, այլև փորձեն նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։ Իսկ թե ինչպիսի միջոցներով և գործիքներով, ամերիկյան կողմը շատ լավ գիտի։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»