«Արդյոք ԵԽ որևէ մարմին պատրաստվո՞ւմ է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջ. Բուքիքիոյի նկատմամբ». բաց նամակ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

Բաց նամակ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հարգելի տիկին Վուտովա,

Ինչպես հավանաբար տեղեկացել եք մամուլից, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նաև ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ներկայացվող «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» նախագծի հիմնական զեկուցողն էր, 1in.am-ին սույն թվականի փետրվարի 10-ին տված հարցազրույցում նշել է․

«… Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանաշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ»:

Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի բարձր հեղինակությունը Եվրոպայում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես, ինչպես նաև բացառիկ դերակատարությունը մեր երկրում սահմանադրականության ինստիտուտների հզորացման և օրենքի գերակայության հաստատման գործում՝ խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք Եվրոպայի Խորհրդի որևէ մարմին պատրաստվո՞ւմ է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջիանի Բուքիքիոյի նկատմամբ՝ փարատելու կամ հերքելու պատգամավորի հնչեցրած մեղադրանքները։

Հակառակ դեպքում ի՞նչ որակում կտաք սույն հայտարարությանը, որը կարող է ստվեր գցել Վենետիկի հանձնաժողովի և առհասարակ Եվրոպայի Խորհրդի բարի համբավի վրա մեր հայրենակիցների շրջանում։

Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի դերակատարությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և իրավական գործընթացներում՝ ցանկալի կլիներ, որպեսզի հանրությունը որևէ կասկած չունենար նշված կառույցների և դրանց ղեկավար կազմի անաչառության մեջ։

Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար

Հ.Գ. Բաց նամակը փոխանցվելու է ԵԽ երևանյան գրասենյակին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պաշտոնական գրության տեսքով