Ա. Կոստանյանը և Ա. Սամսոնյանը դադարեցրին իրենց մասնակցությունը Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման աշխատանքային խմբի աշխատանքներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց ելույթներում ցուցաբերեցին անհանդուրժողականություն և անարգանք բազմակարծության և տարբերվող գաղափարական մոտեցումների նկատմամբ՝ բորբոքելով ատելություն այլախոհության նկատմամբ:

«Քննարկումների վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ևս մեկ անգամ միտված էր հանրությանը բաժանել սևերի և սպիտակների, պետական դավաճանների և նվիրյալների, յուրայինների և ոչ յուրայինների՝ սրելով ատելություն այն անձանց նկատմամբ, ովքեր կմտածեն և կգործեն խղճի, մտքի շրջանակներում, չկիսելով իշխանության մոտեցումները:  Պառլամենտում բազմակարծության մերժումը և ատելության խոսքի գերդոզավորումը այնուհետև վարչապետը որակեց պառլամենտական մաստեր-կլաս՝ նպաստելով իր թիմի բարոյահոգեբանական դրական տրամադրվածությանն ատելության և անհամերաշխության նկատմամբ»,-ասաց Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը և ինքը դադարեցնում են իրենց մասնակցությունը ԱԺ-ում, ըստ իրենց,  ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: «Մենք հայտնում ենք մեր անվստահությունը և համարում ենք, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում անելիք չունենք»,-ասաց նա: