Հանրապետության ավտոճանապարհներին ի՞նչ իրավիճակ է տիրում այս օրերին

Վատ եղանակային պայմանների և ճանապարհների անանցանելիության մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը օպերատիվորեն տեղեկացնում է  քաղաքացիներին, սակայն որոշ իրավիճակներում, քաղաքացիները հաճախ հաշվի չառնելով եղանակային վատ պայմանները, երթևեկում են դժվարանցանելի և վտանգավոր ավտոճանապարհներով։

LIVEnews.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արմեն Գևորգյանի հետ, ճշտելու համար, թե արդյո՞ք այս օրերին դժվարանցանելի ճանապարհային հատվածներում  կան անհրաժեշտ տեխնիկա և մասնագետներ, որպեսզի մեքենաների անսարքության դեպքում քաղաքացիներին ցուցաբերեն համապատասխան օգնություն։ Արմեն Գևորգյանը նշեց․ «Ելնելով վատ եղանակային պայմաններից,  հանրապետությունում կան հենակետեր հետևյալ ավտոճանապարհներին՝ Վարդենիս-Սոթք 24 կմ-ին, Գորիս-Սիսիան 12-րդ կմ-ին, Երևան-Մեղրի 161 կմ-ին, Շիրակի մարզում՝ Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Մարտունի-Գետափ 6-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ 9-րդ կմ-ին,  որտեղ քաղաքացիներին տրվում են  տաք թեյ, թեթև սնունդ»։ Արմեն Գևորգյանը հավելեց, որ այդ հենակետերն արդեն մի շաբաթ է՝ գործում են, հենց առաջին ձյան տեղալուց անմիջապես հետո։ Մասնագետը նշեց, որ բացի հենակետերից, կան նաև ամենագնաց ավտոմեքենաներ, որոնք զբաղվում են արգելափակված մեքենաների դուրսբերմամբ, ուժեղ բքի պայմաններում քաղաքացիներին տեղափոխում են ժամանակավոր կետեր՝ տաքանալու։ Գևորգյանը հավելեց, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին գործում է թրթուրավոր տեխնիկա, որը բավական արդյունավետ է աշխատում։

Լուսինե Այրապետյան